ՆԱՏՕ-ի ավիացիան վարժանքներ է անցկացնում Էստոնիայում
ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը դեկտեմբերի 1-ին ցածր բարձրության վրա թռիչքների հղկմանը միտված վարժանքներ է սկսել Էստոնիայի օդային տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքների ընթացքում կարող են կատարվել նաև գերձայնային արագությամբ թռիչքներ, որոնք իրականացվելու են քաղաքացիական դիսպետչերական ծառայությունների հետ համաձայնեցված և դրա համար նախատեսված բարձրություններում։ Նման վարժանքներն անհրաժեշտ են հնարավոր օդային միջադեպերին ՆԱՏՕ-ի ավիացիայի արձագանքի ապահովման համար։
Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքները կիրականացվեն դեկտեմբերի 1-7-ը՝ երկրի ողջ տարածքում առնվազն 152 մետր բարձրության վրա։
Հյուսիսատլանտյան խորհրդի որոշման համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաօդային ուժերը հսկում են կործանիչ ավիացիա չունեցող Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքները։

