Ուզո՞ւմ են որևէ բան ամերիկացիները, համաձայնում ենք, որովհետև դա պետք է իշխանությունը պահելու համար

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. 

«2025 թվականի հունվարի 14-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը՝ Վաշինգտոնում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունը ստորագրելուց հետո հայտարարում է, որ Հայաստանը հայտնել է ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային միանալու պատրաստակամություն: Նկատենք, այդ մասին փաստորեն առաջինն ասում է ԱՄՆ պետքարտուղարը: Դրանից հետո իհարկե կրկնում է նաև Հայաստանի արտգործնախարարը, բայց Հայաստանի հանրությունը փաստորեն այդ մասին առաջինն իմանում է ԱՄՆ պետքարտուղարի խոսքից:

Սակայն, Հայաստանի հանրությունը այլևս ոչինչ չի իմանում այդ թեմայի մասին, ոչ մի մանրամասն, թե Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում միանալ ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային, ինչո՞ւ է պատրաստվում միանալ, ինչո՞ւ չէր պատրաստվում մինչև ԱՄՆ հետ այդ կանոնադրությունը ստորագրելը, և պատրաստվում է ստորագրելուց հետո:

Ընդ որում, թե այդ հայտարարությունից հետո, թե հիմա՝ այդ հարցադրումները չեմ արել ու անում նախատինքի տոնայնությամբ: Որովհետև, կրկնեմ, ինքս շատ կարևոր եմ համարում Հայաստանի սուբյեկտային քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Եվ, եթե այնտեղ, մասնավորապես Սիրիայի շուրջ տեղի էին ունեցել հիմնարար փոփոխություններ, ապա Երևանին գուցե հարկ էր որևէ կերպ արձագանքել դրանց, նոր օրակարգ քննարկել, և այլն: Ու հնարավոր է, որ Գլոբալ կոալիցիային միանալու հանգամանքը այդ միջոցներից մեկն էր:

Բայց, ի վերջո չափազանց կարևոր է, թե դա իսկապե՞ս քաղաքականության միջոց է, թե՞ պարզապես ներքին իշխանության խնդիրները լուծելու համար արտաքին ինչ որ պահանջմունքներ բավարարելու բանալ քայլ: Այսինքն, ուզո՞ւմ են ռուսները այսինչ բանը՝ համաձայնում ենք, եթե դա պետք է իշխանական դիրքերը պահելու համար: Ուզո՞ւմ են որևէ բան ամերիկացիները, համաձայնում ենք, որովհետև դա պետք է իշխանությունը պահելու համար:

Սա, որ էական է դարձնում, թե ինչ է նշանակում օրինակ Գլոբալ կոալիցիային միանալու պատրաստակամությունը: Առավել ևս, երբ խոսքը ԱՄՆ մի վարչակազմի հետ համաձայնության մասին էր, որը ընդամենը հինգ օօր անց հեռանալու էր իշխանությունից և Սպիտակ տուն էր մտնելու Թրամպը՝ իր նոր վարչակազմով:

ԻԼԻՊ դեմ Գլոբալ կոալիցիան Օբամայի վարչակազմի նախաձեռնություն էր, որին անդամակցում է մի քանի տասնյակ պետություն: Այն ձևավորվել է 2014 թվականին: Հասկանալի է, որ դա Օբամայի վարչակազմի մի գործիք էր Սիրիայի հարցում:

Ի՞նչ դեր ու նշանակություն ունի այդ գործիքը այժմ, երբ նկատում ենք, որ Դոնալդ Թրամպն օրինակ գործում է այլ տրամաբանությամբ:

Ահա այդ համատեքստում, երբ Հայաստանի ԱԳ նախարարը Սիրիայի ԱԳ նախարարին հայտնում է, որ Հայաստանը պատրաստակամ է վերականգնել մարդասիրական առաքելությունը, հարցեր են առաջանում, թե Երևանի այդ պատրաստակամությունը որքանով է քննարկված ավելի լայն համատեքստում:

Որովհետև կասկած չկա, որ Սիրիայի ներկայիս իշխանությունը, ինչպես իհարկե նախորդը, չունի ինքնուրույնություն: Ավելին, եթե նախորդը գերազանցապես ռուս-իրանական «խնամքի» ներքո էր, ապա ներկայիս կառավարությունը ըստ էության տրված է «չորս քամիներին»:

Հետևաբար, Երևանի պատրաստակամությունը այդ «չորս քամիներից», որի այսպես ասած ուղղությամբ է, և ո՞ր քամուն է հակառակ»: