Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման համար կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» հիմնարկ
Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ։ Որոշումը 37 կողմ, 2 դեմ, 15 ձեռնպահ ձայներով ընդունվեց Երևանի ավագանու նոյեմբերի 18-ի նիստում։ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության առավել արդյունավետ կարգավորման ապահովումն է։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստին հայտարարեց՝ երթևեկության կազմակերպումը լուրջ մարտահրավեր է այսօր քաղաքային իշխանության համար, անհրաժեշտ է պատշաճ գործիքակազմ:
Հիմնարկն ունենալու է 74 աշխատակից։ Տնօրենն ամսական 1 մլն 800 հազ. դրամ աշխատավարձ կստանա, փոխտնօրենը՝ ընդամենը 100 000 դրամով պակաս՝ 1 մլն 700 հազ. դրամ։ Հիմնարկի տասը աշխատակից, ներառյալ՝ տնօրեն և փոխտնօրեն, կստանա 1 մլն դրամից ավելի աշխատավարձ։ Աշխատավարձի ընդհանուր բյուջեն ամսական 41 մլն 295 հազ. դրամ է, ստացվում է՝ տարեկան բյուջեն 495 մլն 540 հազ. դրամ է։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց՝ սա նոր հիմնարկ է. «Համեմատած մեր Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի, որպես արդեն կայացած և շատ արդյունք տված հիմնարկ, ավելի շատ ռեսուրս է տրամադրվում, քան նախատեսվում է տրամադրել էս հիմնարկին մեկնարկային կետում։ Փորձում ենք բյուջեն այնպես ապահովել, որ շուկան էականորեն ավելի բարձր աշխատավարձ համանման մասնագետներին չառաջարկի, բայց դեռևս չոր հաշվարկով կոնկրետ ՏՏ ոլորտի մասնավորին մեր աշխատավարձերը դեռևս զիջում են, բայց շատ չէ»։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ քանի որ գործառույթների մի մասը իրականացվում էր «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից, ավագանու քննարկմանը կներկայացվի ՓԲԸ-ի լուծարման նախագիծը։ Եվ այս փոփոխությամբ, ըստ փոխքաղաքապետի, բյուջեի էական ավելացում չի նախատեսվում, «Երևանտրանս» ՓԲԸ-ի այժմյան բյուջեից տարբերությունը մոտավոր 140 մլն դրամ է ստացվում։
«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը կստանձնի երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործառույթները՝ ներառելով հետևյալ հիﬓական ուղղությունները․
- քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում,
- երթևեկության հոսքերի ուսուﬓասիրություն, վերլուծություն և մոնիթորինգ,
- երթևեկության լուսացուցային կառավարման համակարգերի, ճանապարհային նշանների և գծանշուﬓերի ﬕասնական քաղաքականության մշակում,
- երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում և հասարակական իրազեկում,
- քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովում,
- ժամանակակից թվային լուծուﬓերի ներդրում և սպասարկում։
Նման կառույցի գործունեությունը, ըստ նախագծի հիմնավորման, թույլ կտա Երևանի քաղաքապետարանին իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն ճանապարհային երթևեկության ոլորտում, ապահովել տարբեր բաժինների ու ենթակառուցվածքային ծառայությունների ﬕջև փոխգործելիություն, ինչպես նաև արագ արձագանքել երթևեկության հետ կապված մարտահրավերներին։

