Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տալու վերաբերյալ տվյալներ չկան

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տալու վերաբերյալ տվյալներ չկան։ Ասել է թե՝ անգամ քարոզչական նպատակով նման տեղեկություն չի գեներացվել։

Հիշեցնենք, որ 2020թ․ դեկտեմբեր ամսին հուշագրի հիման վրա հայկական զորքերի հետքաշման և փաստացի առանց հանրաքվեի, առանց սահմանազատման գործընթացի,  ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներ, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի հատվածը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։  Ընդ որում, նշված տարածքներն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցել են՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկից դեռ տարիներ առաջ, այսինքն, ըստ էության, պարզապես նվիրվել են հակառակորդին։ Եթե Կիրանցի դեպքում իշխանության որոշ ներկայացուցիչներ  պնդում էին, թե  իբրև Կիրանցի բնակիչներին սեփականության կեղծ վկայականներ են տրվել, թեև այդ մասին քրեական վարույթի առկայության կամ բացակայության հարցը իրավապհները պետական գաղտնիք են համարում, ապա Շուռնուխի և Որոտանի դեպքում բնակչների սեփականաշնորհման վկայականների իսկությունը կասկածի տակ չի դրվել։ Նման տվյալ առ այս պահը հանրայնացված չէ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթներ կան նախաձեռնված՝ Շուռնուխի և Որոտանի բնակիչներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տալու վերաբերյալ, ինչ հատկանիշներով է նախաձեռնվել քրեական վարույթը, քանի նման դեպք է բացահայտվել, քանի անձ է տուժող ճանաչվեկ, արդյո՞ք հետապնդման ենթարկվող անձ կա և եթե սեփականաշնորհման կեղծ վկայականներ տալու դեպքեր չեն հայտնաբերվել, ապա արդյոք վարույթ նախաձեռնվել է՝ բնակիչների գույքը խլելու դեպքի առթիվ։

Դատախազությունից այս հարցերի պատասխանը չունեն։ Մերժել են տեղեկության տրամադրումը՝ պարզաբանելով, թե 2024թ․ դեկտեմբերի 18-ի նույնաբովանդակ հարցմանն արդեն պարզաբանում տրվել է։ Խոսքը Կիրանցի բնակիչներին իբրև կեղծ վկայականներ տալու վերաբերյալ հարցմանն է վերաբերում, որով ընդամենը մեկ կետով էր շոշափվել Շուռնուխի սեփականաշնորհման վկայականների ճակատագիրը, սակայն այս հարցմանը ևս պարզաբանում  չէր տրվել, մերժվել էր՝ հղում կատարելով  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, այն է՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Այլ խոսքով՝ ըստ դատախազության՝ նախորդ պատասխանը․ թե հարցը պարունակում է պետական գաղտնիք, վերաբերելի է նաև այս դրվագին։ Ինչևէ, մեր հարցին, թե բնակիչների տները խլելու դեպքով վարույթ նախաձեռնվել է՝ ևս պատասխան չկա։