Լիտվան կրկին տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել Բելառուսի հետ սահմանի անցակետերում

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լիտվայից ստացել է պաշտոնական ծանուցում ընդհանուր սահմանը հատելու սահմանափակումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։

Ըստ աղբյուրի՝ Լիտվայի ներքին գործերի նախարարության պետական ​​սահմանապահ ծառայությունից ստացվել է պաշտոնական ծանուցում այն ​​մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունվել պետական ​​սահմանը հատելու սահմանափակման և կասեցման մասին։

Ընդունված փաստաթղթով սահմանափակումներ են մտցվում Մեդինինկայի անցակետով անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը։ Սահմանափակումները չեն տարածվում դիվանագիտական ​​կամ ծառայողական անձնագրեր ունեցող կամ լիտվական դիվանագիտական ​​փոստ տեղափոխող անձանց, պարզեցված տարանցիկ փաստաթղթով ճամփորդող անձանց, հայրենիք վերադարձող Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև Լիտվայում գործող բնակության թույլտվություն ունեցող և այնտեղ վերադարձող օտարերկրացիների վրա: Բացառությունը վերաբերում է նաև մարդասիրական վիզաներով Լիտվայի Հանրապետություն ժամանող օտարերկրացիներին, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և մի շարք այլ արտասահմանյան երկրների քաղաքացիներին։

Բելառուսի հետ սահմանին գտնվող երկրորդ անցակետում լիտվական կողմը լիովին կասեցրել է անհատների և տրանսպորտային միջոցների անցումը։