Գյումրիում 33 ձերբակալվածների մեջ կա անչափահաս, նրան մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

Գյումրիում ձերբակալված 33 քաղաքացիներից մի մասին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327–րդ և 486–րդ հոդվածների հատկանիշներով՝ այն է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը և  զանգվածային անկարգությունների մասնակցելը։ Մյուսներին առաջիկա ժամերի ընթացքում մեղադրանք կառաջադրվի նույն հոդվածներով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ձերբակալվածներից 4-ի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հայկ Հարությունյանը։

Փաստաբանը նշել է, որ արդեն մեղադրանք է առաջադրվել նաև անչափահաս տղային, որը նույնպես ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի մոտից։

«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերի ընթացքում նրանց բոլորին կալանավորելու միջնորդություններ կներկայացնի քննիչը»,–ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին բերվել։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ 33 քաղաքացու բերման էր ենթարկել քաղաքապետարանի բակից։