Սրբավայրերի խուզարկումն ու հոգևորականներին բերման ենթարկելու նպատակը մեկն է՝ վարկաբեկել և լռեցնել Եկեղեցուն․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խորը վրդովմունքով ու անհանգստությամբ է հետևում վերջին զարգացումներին, երբ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել աննախադեպ գործողությունների՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծառայողների դեմ։ Միայն վերջին օրերին իշխանությունների կողմից բռնի մեթոդներով կատարվել են խուզարկություններ Եկեղեցու կառուցվածքներում և մի շարք հոգևորականների բնակարաններում, ինչի արդյունքում Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և առնվազն երկու այլ հոգևորականներ (Թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը և առաջնորդարանի գլխավոր հաշվապահը) ապօրինաբար ձերբակալվել են։ Ընդհանուր առմամբ, Արագածոտնի թեմից բերման է ենթարկվել 12 հոգևորական և թեմի մի շարք աշխատակիցներ։ Նշված բոլոր հոգևորականները փաստացի դարձել են քաղաքական հետապնդման թիրախ միայն այն բանի համար, որ 2021 թվականի ընդդիմության բողոքի ակցիաների ընթացքում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը՝ արտահայտելով ցավն ու բողոքը հայրենի երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Հատկանշական է, որ վերոնշյալ խուզարկություններն ու կալանավորումները կատարելու համար որևէ իրական իրավական հիմք չի ներկայացվել. իշխանությունները հենվել են ընդամենը մեկ հոգևորականի՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի հեռուստատեսային հայտարարության վրա, ըստ որի իբր Արագածոտնի թեմից «հրահանգ» է տրվել հոգևորականներին մասնակցելու ընդդիմության 2021 թվականի հավաքներին։ Այս բացարձակ անհասկանալի և կասկածելի պնդման հիման վրա հարուցված քրեական գործով իրավապահները լայնածավալ արշավ են սկսել Եկեղեցու դեմ։ Նրանց գործողություններն ուղեկցվել են կոպիտ ոտնձգություններով: Օրինակ՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության զինված ներկայացուցիչները ներխուժել են Արագածոտնի թեմի առաջնորդարան և միաժամանակ առնվազն 20 վայրերում (եկեղեցական կառույցներում ու քահանաների տներում) խուզարկություններ իրականացրել։ Խուզարկումների պատրվակով առգրավվել են եկեղեցու փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվության կրիչներ, նվիրատվություններից գոյացած զգալի գումարներ, մեծ քանակությամբ եկեղեցական զարդեր և նույնիսկ վառելիքի կտրոններ։ Ակնհայտ է, որ իշխանությունները ամեն կերպ ջանում են քրեականացնող փաստեր «հնարել» մեր Եկեղեցու ծառայողների վրա՝ չեն վարանել անգամ սրբապղծաբար խուզարկել եկեղեցու սրբավայրերն ու գույքը։
Սույն հակաիրավական գործողությունների ընթացքում կոպտորեն խախտվել են ձերբակալված հոգևորականների իրավունքները։ Ժամեր շարունակ գաղտնի է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և բերման ենթարկված որոշ քահանաների գտնվելու վայրը՝ նրանց ամբողջովին զրկելով իրավական աջակցության որևէ հնարավորությունից։ Հետագայում պարզվել է, որ Սրբազանը սկզբից ևեթ տարվել էր Երևանի քննչական վարչություն, սակայն փաստաբաններին չի թույլատրվել նրան հանդիպել կամ որևէ կերպ կապ հաստատել։ Սա ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված ազատություններից բացարձակ զրկման վառ օրինակ է, ինչը փաստել է Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ հոգևոր առաջնորդի գտնվելու վայրը չհայտնելը իրավունքի կոպիտ խախտում է։ Փաստաբանների պալատի խորհուրդն անգամ հատուկ հայտարարությամբ դատապարտել է իրավական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը խոչընդոտելու նման դեպքերը։ Մենք ազդարարում ենք, որ ոտնահարված են օրենքի գերակայության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, ինչը մեր երկրում իրավապահ համակարգի քաղաքականացումով պայմանավորված վտանգավոր նախադեպ է։

