Արցախի հերոսի մայրը Եռաբլուրում այրել է Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Ալիևի ու Էրդողանի կանանց հետ լուսանկարները (տեսանյութ)

Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ 75-ամյա տիկին Լիդան Եռաբլուրում միայնակ ակցիա է իրականացրել։  Այդ մասին նա ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ամեն անգամ ուզում եմ մի բան անել, մի ձև սիրտս հովացնել էս վառվող անարդարության ու անզորության ցավից։ Ու ամեն անգամ Դավիթիցս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ դարդ ու ցավս թողած նման ակցիաներ անել։ Բայց ի՞նչ անեմ. քաղաքական գործիչները լուռ են, ժողովրդի մի մասը լուռ ու անտարբեր են։ Լավ ուրիշ բա ի՞նչ անեմ, որ իրար գան, հասկանան վերջապես, որ երկիրը մաս-մաս կործանվում է։

Երևի էլի ասեք՝ էս կինը խեկագարվել ա։ Գուցե։ Դժվար ա տեսնել էս ամենն ու սթափ մնալ, առողջ մնալ, չխենթանալ…

75 տարեկան եմ, իմ կարողացածն էլ սա է։ Ամեն մեկը մի բան անելով, մի, թեկուզ այս դաշտում դրանց մի վնաս տալով, գոնե ցույց կտա, որ անտարբեր չի, համաձայն չի, պայքարում է թուրքի դեմ, որ չի մոռացել, չի ուրացել։

Էլի եմ ասել՝ Աստծուց շատ բան չեմ ուզում, մենակ վերջներդ տեսնեմ հայադավ, հայատյաց ու հայակործան տականքներ»։