Թուրքիային ներքաշում են Իսրայելի դեմ պատերազմի ծուղակի մեջ
Թուրքիայի հակառակորդներն արշավ են վարում՝ երկիրը ծուղակի մեջ գցելու և Իսրայելի դեմ ռազմական բախում հրահրելու համար։ Այդ մասին գրել է թուրքական կառավարամետ «Հյուրիեթ» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշում է, որ իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են մեղադրանքներ, որ Թուրքիան իր տարածքում ենթակառուցվածքներ է տրամադրում արմատական պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժմանը, ինչը ենթադրում է, որ Կատարում Համասի դեմ Իսրայելի հարվածից հետո հաջորդ թիրախը կարող է դառնալ Թուրքիան։ Այս առումով Սելվին գրում է, որ «FETO կազմակերպության փախստական անդամները (որը Անկարայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն 2016 թվականի հեղաշրջման փորձի համար) հասարակական կարծիք ձևավորելու արշավ են անցկացնում» և «իրականացնում են օպերատիվ գործողություններ Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի հետ համատեղ»։
Ըստ Հոդվածագրի՝ «Թուրքիային Իսրայելի դեմ պատերազմի մեջ ներքաշելու» փորձերը «Թուրքիայի դեմ թակարդ են, հոգեբանական պատերազմ, որը վարում են Մոսադը և FETO-ն»։ Վերլուծաբանը նշում է, թե «ակնհայտ է, որ Թուրքիան Իսրայելի թիրախներից մեկն է», բայց Անկարան «ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ»։
Սելվին ընդունում է, որ Անկարան և Թել Ավիվը մրցակիցներ են տարածաշրջանում։ «Թուրքիան և Իսրայելը իսկապես մրցում են Սիրիայում։ Սակայն Իսրայելը պարտվում է այնտեղ, իսկ Թուրքիան՝ հաղթում։ Թուրքիան իր տարածաշրջանում և աշխարհում զարգացող տերություն է, մինչդեռ Իսրայելը մի երկիր է, որը կորցնում է իր նախկին ուժը։ Թուրքիան պետք է ամրապնդի իր ներկայությունը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում, բայց ոչ թե հիմա կռվի։ Նրա անվտանգությունը սկսվում է ոչ թե Անկարայում, այլ Բեյրութում, Դամասկոսում և Բաղդադում, և նրա դիրքերի ամրապնդումը դեռ որոշ ժամանակ կպահանջի», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ կարծում է մեկնաբանը։

