Այո՛, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ. ՊԵԿ նախագահ
Այո՛, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ, ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են։ Այնուամենայնիվ, մեր մաքսային քաղաքականությունը տոտալ է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե գործելո՞ւ է մաքսային համակարգ «Թրամփի ուղի»-ով։
Մինասյանն ասաց, որ վերոնշյալ ուղու մասով բազմաթիվ մեղադրանքներ են հնչում և հստակության կարիք կա։
««Թրամփի ուղու» մաքսային ծառայության դետալների մասով կարող եմ ասել, որ դրանք հիմա քննարկվում են»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։ Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։

