Վանաձորում՝ Վախթանգ Դարչինյանի անվան մարզակառույց, Շամուտում՝ Ստեփան Սարգսյանի, Գեղակերտում՝ Յուրի Սարգսյանի
Գործադիրն ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝ սպորտի ոլորտում որդեգրած ռազմավարությունից, որով մի կողմից՝ նպատակ ունեն զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները, մյուս կողմից՝ այդ սպորտային ենթակառուցվածքների զարգացման ընթացքում առանձնահատուկ գնահատել և նաև ճանաչելի դարձնել մեր անվանի մարզիկների փորձը, վաստակը և նաև դրանով խրախուսել նորանոր երեխաների՝ զբաղվելու սպորտով։ «Սրանով նախատեսվում է, որ մենք որպես նվիրաբերություն ընդունում ենք գույք, ամրացնում ենք և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում ենք, որպեսզի տեղի ունենա նշված մարզակառույցների կառուցումը և հետագա շահագործումը»,-ասել է նախարարը։
Ամբողջական փաթեթը վերաբերում է երեք մարզակառույցների. առաջինը հանրաճանաչ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի բռնցքամարտի ուղղվածությամբ մարզակառույցն է, որը պետք է կառուցվի Վանաձորում։ Վանաձորում այս մարզակառույցի կառուցման նպատակով նվիրաբերվում է 3 հողամաս, որոնք սեփականության իրավունքով պատկանել են Վախթանգ Դարչինյանին, մեր հանրահայտ ծանրամարտիկ Յուրի Սարգսյանին և ըմբշամարտիկ Ստեփան Սարգսյանին։ «Մեր երեք մարզիկների գույքի նվիրաբերման արդյունքում մենք հնարավորություն ենք ստանում Վանաձորում կառուցել բռնցքամարտի ժամանակակից և արդիական համալիր։ Միևնույն ժամանակ մենք մեր մյուս երկու մարզիկների անունով մարզակառույցների հետ կապված աշխատանքներն ենք պլանավորում: Մասնավորապես՝ Ստեփան Սարգսյանի անվամբ ըմբշամարտի մարզակառույց կկառուցենք հենց իր ծննդավայր Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրում։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ արդեն իսկ նախընթաց աշխատանք է կատարված, մասնավորապես, մարզակառույցի համար հատկացված հողատարածքի նշանակությունը փոխված է, որպեսզի հնարավոր լինի կառուցապատում, ինչպես նաև ավագանու որոշմամբ այդ նվիրաբերության գործընթացն արդեն իսկ տեղի է ունեցել: Կառավարության որոշումով կկարողանանք մեկնարկել բուն գործընթացը։ Այստեղ էլ կունենանք ըմբշամարտի մարզադպրոց: Յուրի Սարգսյանի մասով կունենանք նաև իր ծննդավայր՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի այն մարզադպրոցը, որտեղ հենց ինքը մարզվել է»,-ասել է նախարարը:

