Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև առցանց
Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:
Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։
Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։
Քաղաքացիները հնարավորություն կունենան՝
- խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում,
- խուսափել ժամեր ձգվող հերթերից,
- նվազեցնել ֆինանսական ծախսերը,
- ամբողջությամբ բացառել թղթաբանությունը:
- Առցանց տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ վաճառելու համար՝
- գործարքը պետք է սկսի վաճառողը,
- վաճառվող տրանսպորտային միջոցը կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ,
- գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական՝ գործարքն իրականացնելու համար,
- և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։
Գործարքի առանձնահատկությունները
Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական,
տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը տրանսպորտային միջոցը պարզապես հանձնում է գնորդին,
գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:
Ուշադրություն. սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական իրավունքի վկայականի ու հաշվառման վկայագրի թվային տարբերակները։
Թվային փաստաթղթերը կարտացոլվեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում, և վերջինիս համար լրացուցիչ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։
Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):

