Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել. ԿԳՄՍ փոխնախարար

Նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ, ամփոփելով անցած ուստարվա արդյունքները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Շիրակի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 1413 շրջանավարտ, քննություններին մասնակցել է 1384-ը, նրանցից 1040-ը՝ 75,1 տոկոսը, ընդունվել է բուհ, 261-ը՝ անվճար։

Կարևորելով հանրակրթության չափորոշի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական դպրոցի՝ 1-9-րդ դասարանների համար նոր դասագրքերը հիմնականում առկա են՝ բացառությամբ մեկ-երկու դասագրքի: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: Այդ դասագրքերի մրցույթները նորից են հայտարարվել: Իսկ 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումը կկազմակերվի հին դասագրքերով և ուսումնական նյութերով:

Նշվել է նաև, որ նոր ուսումնական տարին մեկնարկում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» կարգախոսով: Առաջիկայում դպրոցները կստանան ուղեցույցներ՝ անվտանգ միջավայրի կազմակերպման վերաբերյալ: