Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի

Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև այս ուստարում բուհեր և ՄԿՈՒ հաստատություններ ընդունվածները:

Երկրորդ տարվանից առաջադիմության որոշակի պահանջ կա, ինչը, նախարարի խոսքով, կարևոր է լավ սովորելու, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունենալու, աշխատաշուկայում մրցունակ լինելու տեսանկյունից:

Ընդունելության արդյունքների մասին

«Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով այս տարի միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում 717 դիմորդ էինք ունեցել, իսկ առաջին տարում 445 դիմորդ էր եղել: Այս դինամիկան վկայում է ծրագրի նկատմամբ դրական հանրային արձագանքի մասին: Գերակա մասնագիտություններով սովորող ուսանողները նաև պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որպեսզի առաջին տարվանից հետո շարունակեն ստանալ կրթաթոշակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության քննություններն ավարտվել են. անցյալ տարի ավելի քան 14.000 ուսանող էր գրանցվել համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով 15.000-ին մոտ ցուցանիշ է գրանցված, իսկ լրացուցիչ փուլի արդյունքները դեռ ամփոփված չեն:

2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով բուհերում թափուր տեղերի թիվը հինգ անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից. այդ տարվա 6174 թափուր տեղի համեմատ՝ 1174 թափուր տեղ այս տարի:

Ասուլիսի ընթացում նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների նշանակմանը, կամավոր ատեստավորմանը, կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության բացառմանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքին, հուշարձանների վերականգնմանը, Ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցմանը և մի շարք այլ թեմաների: