Կօգտագործեմ բոլոր հնարավորություններս, որպեսզի առողջ ուժերը միավորվեն․Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կօգնի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում միավորել Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այս մասին ասել է ՏԱՍՍ-ին:
«Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու համար միավորել առողջ ուժերը, որոնք ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրով օգտագործել իրենց ունեցած տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ սփյուռքը՝ հանուն Հայաստանը վերածննդի», – ասել է նա։
Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պետական պարտքը։
«Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայություն է այն մասին, թե ինչպես Փաշինյանը, զգացմունքները մանիպուլյացիայի ենթարկելով, իրեն հավատացող մարդկանց նրանց կամքից անկախ դարձրեց այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակիցներ, որի ականատեսն ենք մենք այսօր», – հավելել է նա։
Աբրամյանը նաև նշել է, որ հայերի մեծամասնությունը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է միավորվել հանուն դրա պահպանման և բարգավաճման։
«Իսկ մոլորյալների հետ պետք է շփվենք և բացատրենք մի պարզ բան. կարող ես կորցնել քո բիզնեսը, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարող ես կորցնել ընկերներին և նորից գտնել, բայց նա, ով կորցնում է հայրենիքը, կորցնում է ամեն ինչ», – հավելել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։

