Նախարարն ընդգծել է դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու կարևորությունը
Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանը:
Նիստի օրակարգում «Օրգանների փոխպատվաստման արդի իրավիճակը Հայաստանում» թեման էր:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու կարևորությունը. «Մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է այս շատ զգայուն թեման, և այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությունն իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա, որն էլ կբերի արդեն շոշափելի արդյունքների»:
Օրգանների փոխպատվաստման արդի իրավիճակը Հայաստանում ներկայացրել է հեմոդիալիզի գծով ԱՆ խորհրդատու Հելեն Նազարյանը` նշելով, որ մեր երկրում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: Նա ընդգծել է, որ այս պահին Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները դիակային փոխպատվաստումներ սկսելու համար, ինչը կնպաստի սրտային անբավարարություն ունեցող և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների բուժմանը, ինչպես նաև էապես կավելանան երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք ունեցողների փոխպատվաստումները: Արդյունքում կփրկվեն բազմաթիվ կյանքեր:
Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են արել, կարևորել առողջության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունը, դիակային դոնորության վերաբերյալ հանրության իրազեկման անհրաժեշտությունը, փոխպատվաստման ծառայությունների իրականացման գործընթացում համակարգված ու փուլային մոտեցումը, որին պետք է հասնել քայլ առ քայլ:

