Տղամարդիկ ավելի հաճախ են բախվում կաթվածի, ԳՈՒՎ-ի և ուղեղի անոթային հիվանդությունների
Ամեն տարի հուլիսի 22-ին նշվում է Ուղեղի համաշխարհային օրը, որը սահմանվել է Համաշխարհային նյարդաբանության ֆեդերացիայի կողմից՝ հասարակության և առողջապահական մարմինների ուշադրությունը ուղեղի առողջության կարևորության և նյարդաբանական հիվանդությունների կանխարգելման վրա հրավիրելու նպատակով:
2025 թվականին Ուղեղի համաշխարհային օրը նվիրված է կյանքի բոլոր փուլերում և բոլոր տարիքի մարդկանց համար ուղեղի առողջության պահպանման մասին գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանը: Այս տարվա խորագիրը՝ «Ուղեղի առողջությունը կարևոր է բոլոր տարիքի մարդկանց համար», ընդգծում է, որ ուղեղի մասին հոգ տանելը շարունակական գործընթաց է, այլ ոչ թե մեկանգամյա ձեռքբերում: Այն սկսվում է մինչև երեխայի ծնունդը, ձևավորվում է մանկության ընթացքում, պահպանվում է չափահաս և տարեց հասակում՝ որոշելով մեր ներուժը և կյանքի որակը կյանքի յուրաքանչյուր փուլում:
Գլխուղեղը մարդու նյարդային համակարգի կենտրոնական օրգանն է, որը պատասխանատու է օրգանիզմի բոլոր փոխկապակցված գործառույթների համակարգման և կարգավորման համար: Այն ապահովում է ներքին օրգանների և համակարգերի գործունեության կենտրոնացված կառավարում՝ հնարավորություն տալով մարմնին արագ և համակարգված արձագանքել արտաքին և ներքին միջավայրի փոփոխություններին: Չնայած գլխուղեղի զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի մոտ 2%-ը, այն սպառում է օրգանիզմի ընդհանուր էներգիայի մոտ 17%-ը և ներշնչվող թթվածնի մինչև 20%-ը:
Գլխուղեղը կատարում է կենսական նշանակություն ունեցող գործառույթների լայն շրջանակ՝ ճանաչողական, զգայական, հուզական և շարժողական, որոնք ապահովում են մարդու մտածելու, ընկալելու, զգալու, սովորելու և շրջակա միջավայրի հետ փոխգործակցելու կարողությունը: Հենց այդ գործառույթների շնորհիվ է, որ մարդը կարողանում է իրացնել իր ներուժը կյանքի ողջ ընթացքում:
Գլխուղեղի աշխատանքի ցանկացած խանգարում անմիջապես արտացոլվում է այլ օրգանների և համակարգերի գործունեության վրա՝ էականորեն իջեցնելով օրգանիզմի կենսունակությունը:
1990-ից մինչև 2021 թվականները աշխարհում նկատվում է նյարդաբանական հիվանդությունների տարածվածության կայուն աճ՝ առաջին հերթին կաթվածի, Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի, Պարկինսոնի հիվանդության, միգրենի, գանգուղեղային վնասվածքների (ԳՈՒՎ) և էպիլեպսիայի: Ըստ Global Burden of Disease (GBD) տվյալների՝ 2021 թվականին աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ տառապում էր ուղեղի հիվանդություններից, ընդ որում, ընդհանուր բեռի գրեթե 70%-ը բաժին էր ընկնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին: Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը ուղեղի հիվանդություններից տուժած մարդկանց թիվը կարող է մոտենալ 5 միլիարդի՝ 2021 թվականի համեմատ աճելով 22%-ով:
Նշված իվանդություններից, օրինակ, դեմենցիայով 2021 թվականին աշխարհում տառապում էր մոտ 57 միլիոն մարդ, և մինչև 2050 թվականը դրա տարածվածությունը կարող է եռապատկվել՝ բնակչության ծերացմանը զուգընթաց: Տղամարդիկ ավելի հաճախ են բախվում կաթվածի, ԳՈՒՎ-ի և ուղեղի անոթային հիվանդությունների, մինչդեռ կանայք ավելի հաճախ են տառապում միգրենից, ցրված սկլերոզից և դեմենցիայից:
Նյարդաբանական հիվանդությունները մնում են հաշմանդամության և վաղաժամ մահացության առաջատար պատճառներից մեկը՝ տարեկան խլելով մոտ 9 միլիոն մարդու կյանք և այս ցուցանիշով զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին: Էական են նաև տնտեսական կորուստները. օրինակ, 2021 թվականին դեմենցիայի բուժման համաշխարհային ծախսերը գերազանցել են 800 միլիարդ ԱՄՆ դոլար, և ակնկալվում է, որ առաջիկա 40 տարիների ընթացքում դրանք կգերազանցեն բոլոր մյուս քրոնիկ հիվանդությունների ծախսերը:
Նյարդաբանական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները բազմազան են և ներառում են գենետիկական, բնապահպանական և վարքային բաղադրիչներ:
Հիմնական ռիսկի գործոններ՝
- Տարիք՝ առանցքային, չկառավարվող ռիսկի գործոն է: Տարիքի հետ գլխուղեղում տեղի են ունենում բնական փոփոխություններ. նրա զարգացման ամենաակտիվ շրջանը ընկնում է կյանքի առաջին տարիներին (2-ից 11 տարեկան), երբ ձևավորվում են նեյրոնային կապերը: Հասուն տարիքում նոր կապերի ձևավորումը դժվարանում է, ինչի պատճառով տարեց մարդկանց մոտ հաճախ նկատվում է ճանաչողական և մտավոր կարողությունների անկում: 70 տարեկանից հետո կտրուկ աճում է կաթվածի և դեմենցիայի հաճախականությունը:
- Գանգուղեղային վնասվածքներ (ԳՈՒՎ)՝ ունեն հաճախականության երեք գագաթնակետ՝ մանկության տարիներին (վայր ընկնելու հետևանքով), երիտասարդ տարիքում (հաճախ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով) և տարեց հասակում (նույնպես՝ վայր ընկնելու հետևանքով): Նույնիսկ գլխի միջին կամ ծանր վնասվածքները, որոնք չեն ուղեկցվում ուղեղի ցնցման ախտորոշմամբ, 1.8 անգամ բարձրացնում են Ալցհեյմերի հիվանդության, այլ դեմենցիաների, Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը: Պաշտպանիչ միջոցների (սաղավարտներ, ընկնելու կանխարգելման միջոցներ) օգտագործումը ԳՈՒՎ-ի ռիսկը նվազեցնում է գրեթե 70%-ով:
- Սիրտանոթային հիվանդություններ՝ կաթվածների գրեթե 90%-ը կապված է զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, հիպերլիպիդեմիայի, ճարպակալման հետ:
- Ապրելակերպ՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, անբավարար կամ վատ քունը զգալիորեն բարձրացնում են նյարդաբանական հիվանդությունների ռիսկը:
- Շրջակա միջավայր՝ օդի աղտոտվածությունը և մասնագիտական վնասակարությունները մոտ 30%-ով բարձրացնում են դեմենցիայի ռիսկը:
- Ժառանգական գործոն, որը կարող է կրկնապատկել Ալցհեյմերի հիվանդության ռիսկը, կամ որոշ գեներեի մուտացիաներ, որոնք առաջացնում են Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության դեպքերի մինչև 10%-ը:
- Հոգեհուզական գործոններ՝ քրոնիկ սթրեսը, տագնապայնությունը, դեպրեսիան բացասաբար են ազդում ճանաչողական գործառույթների վրա:
- Սոցիալական դետերմինանտներ՝ աղքատությունը, կրթության ցածր մակարդակը, սոցիալական մեկուսացումը բարձրացնում են կաթվածի և դեմենցիայի ռիսկը:
Նյարդաբանական հիվանդություններից շատերը կարելի է կանխել կամ վերահսկել՝ ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա, վաղ հայտնաբերման, բնակչության իրազեկման և բժշկական օգնության հավասար հասանելիության ապահովման միջոցով: Ուղեղի առողջության մասին հոգ տանելը պետք է սկսվի ծնվելուց շատ առաջ և շարունակվի կյանքի բոլոր փուլերում:
- Հղիությունից առաջ՝ ծնողների առողջությունն, առողջ սննդակարգը, վնասակար սովորությունների բացակայությունը և կանոնավոր բժշկական զննումները հիմք են ստեղծում երեխայի ուղեղի բարենպաստ զարգացման համար:
- Հղիության և վաղ հետծննդյան շրջան՝ մոր ֆիզիկական և հոգեհուզական բարեկեցությունը կարևոր է պտղի ուղեղի առողջ զարգացման համար: Նախածննդյան և հետծննդյան խնամքը, լիարժեք սնուցումը և սթրեսի մակարդակի նվազեցումը պաշտպանում են ինչպես մորը, այնպես էլ երեխային:
- Վաղ մանկություն և պատանեկություն՝ կյանքի առաջին տարիների փորձը ազդում է սովորելու, հուզական և սոցիալական զարգացման վրա: Անվտանգ միջավայրը, պատվաստումները, աջակցող և դրական դաստիարակությունը նպաստում են ուղեղի առողջության երկարաժամկետ պահպանմանը:
- Հասուն և տարեց հասակ՝ հավասարակշռված սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը, սոցիալական ակտիվությունը, որակյալ քունը, մարմնի զանգվածի, զարկերակային ճնշման, արյան գլյուկոզի և խոլեստերինի մակարդակի վերահսկումը, ծխելուց և ալկոհոլից հրաժարվելը նվազեցնում են նյարդաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը:
Ուղեղի աշխատանքը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը նրա մշտական մարզումն է: Հատկապես օգտակար են նոր, նախկինում անծանոթ գործողությունները, որոնք խթանում են նոր նեյրոնային կապերի ձևավորումը և նպաստում մտածողության ճկունությանը: Ընթերցանությունը, բանաստեղծությունների անգիր սովորելը, ստեղծագործական գործունեությունը, մտքում հաշվարկները, լեզուների ուսուցումը, ճանապարհորդությունները, մանր մոտորիկայի պահանջող զբաղմունքները՝ այս ամենը օգնում է ուղեղին մնալ ակտիվ և աշխատունակ ցանկացած տարիքում:
Հիշեք՝ պայծառ միտքը, լավ հիշողությունը և ակտիվությունը տարեց հասակում գիտակցված որոշումների և այսօր ձեռնարկվող ջանքերի արդյունք են:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոն

