Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում կայացել է աշխարհահռչակ շանսոնյեյի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Արձանը ձուլվել է Գյումրիում, այն տեղադրվել է հուլիսի 16-ին, արդեն այսօր բացումն է։
Նախաձեռնությունը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Ազնավուրի հիմնադրամի մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։ Նրա «La Bohème» խորագրով աշխատանքը ընտրվել է ավելի քան 60 ներկայացված նախագծերից՝ ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։
Հուշարձանի տեղադրումը խորհրդանշական է նաև այն առումով, որ հենց այս հրապարակը՝ Մոսկվա կինոթատրոնի շրջակա տարածքը, դեռևս 2001 թվականից կրում է Ազնավուրի անունը։

