Արտապատվիրակում, Front Office -Back Office. ներկայացրեցի մենյուն, որից բաղկացած են մեր քննարկումները. Փաշինյան
ԴԵռ 2022 թ-ին մենք Ադրբեջանի հետ սահմանային և մաքսային հսկողության համար հրապարակային առաջարկել ենք, որ պատրաստ ենք այդտեղ կիրառել Front Office -Back Office տարբերակները, որը աշխարհում կիրառվող տարբերակ է։ Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կան երկրներ, որոնք իրենց սահմանային և մաքսային ծառայությունները արտապատվիրակում են այդ ոլորտում գործունեություն ծավալող պրոֆեսիոնալ կամ միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպությունների։
«Երբ մենք խոսում ենք սահմանային և մաքսային հսկողությունների մասին, կար այդպիսի ընկալում, որ Ադրբեջանի քաղաքացիները նման պարագայում կխուսափեն այդ ճանապարհներից օգտվել, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանապահների և մաքսավորների հետ մաքսային ծառայության աշխատողների և այլ պաշտոնյաների հետ շփումները կարող են որոշակի խնդիրներ առաջացնել։
Նա ընդգծեց, որ այդ առաջարկությունը ժամանակին չի ընդունվել, բայց վերջին շրջանում նման առաջարկ չի քննարկվել, առնվազն եթե լինի հետաքրքրություն նման տարբերակի վերաբերյալ՝ մենք էլի պատրաստ ենք քննարկել դա։
«Բայց հիմա տեղի է ունեցել տեխնոլոգիաների փոփոխություն։ Օրինակ, կենսաչափական անձնագրերի զարգացման հետ, ասենք, փորձագետի կանխատեսումն այն է, որ 5-10 տարի հետո աշխարհի օդանավակայանների և սահմանային գետերի մեծ մասում գործելու է համակարգ, երբ մարդը անձնագիրը մոտեցնելու է և անցնի։ Դա չի նշանակում, որ մարդ չի լինելու, բայց տեխնոլոգիաները ավելի արդյունավետ են և բացառում են և՛ կոռուպցիոն, և՛ անվտանգային բազմաթիվ ռիսկեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ որևէ հստակ տարբերակի վրա դեռ կողմերը կանգ չեն առել, և հստակեցումներ չկան։
«Եթե ես այսօր մտածեի, որ առավել հավանական է այս տարբերակը, ես հիմա ավելի կկոնկրետացնեի, ես ներկայացնում եմ քննարկումների այն մեծ բովանդակությունը կամ մենյուն, ինչից բաղկացած են մեր քննարկումները։ Հնարավոր է՝ մենք գանք այս լուծումներից որևէ մեկին, հնարավոր է հընթացս այլ լուծման առաջարկ լինի, բայց ուզում եմ ասեմ, որ այս պահին այլ լուծման առաջարկ չկա, հակառակ դեպքում ես մենյուի մեջ էդ էլ կնշեի։
Արտապատվիրակում, Front Office -Back Office, ինչ տարբերակ էլ լսեք՝ իմացեք, որ դա քննարկվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության համատեքստում»։

