ԵԱՏՄ-ում ստեղծվել է համատեղ արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմ

Եվրասիական տնտեսական միությունում ստեղծվել է արդյունաբերության ոլորտում համատեղ օպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմ։

Ամփոփելով հունիսի 26-27-ին Մինսկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների բարձրագույն նիստի արդյունքները, այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և ավելացրել, որ առաջին նախագծերն արդեն հաստատվել են։

«Գործարկվել է արդյունաբերականացման քարտեզի շարունակաբար թարմացվող տեղեկատվական հարթակը։ Այժմ այն ներառում է 271 նախագիծ՝ մոտ 243 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ։ Գյուղատնտեսական ոլորտում սահմանվել են ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ՝ պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ»,-ասել է Սագինտաևը՝ շարունակելով, որ ԵԱՏՄ-ում ստեղծվել է «Գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզ» տեղեկատվական պլատֆորմ։

Այն, ըստ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի, ներառում է 257 նախագիծ՝ մոտ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։