Պետությունը կշարունակի նոր ծնված երեխայի համար ընտանիքի հիփոթեքի վճարման աջակցության ծրագիրը

«Նախագծով առաջարկվում է  երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2024-2026 թվականների ծրագրերով նախատեսված վճարումները կատարելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով»,-կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակում 2022 թվականի համար հաստատված բյուջեն 1,8 մլրդ դրամ էր, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառվել են և ահրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված անձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 300 մլն դրամ շուրջ 410 ընտանիքների համար:

«Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 մլն դրամ: Ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ 2025 թվականի հունիսի 1-ը, արդեն աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում եմ շուրջ 9,5 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանի հորդորով փոխնախարարը հիշեցրեց ծրագրի բովանդակությունը՝ ըստ որի, եթե ընտանիքում կա երկու անչափահաս, ապա պետությունը աջակցում է՝ հիփոթեքի կանխավճարին որոշակի գումար ավելացնելով, իսկ եթե երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքն ունի հիփոթեք, ապա այդ դեպքում պետությունն առաջին և երկրորդ երեխաների ծնունդի դեպքում միանվագ մինչև 500 հազար դրամ է տրամադրում մայր գումարի մարմանը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդի դեպքում՝ 2 մլն դրամ դրամ: