Հրայր սարկավագը ևս կալանավորվել է երկու ամիս ժամկետով

Հրայր սարկավագ Հակոբյանը ևս կալանավորվել է երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, նախօրեին բավարարել է Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Դատարանը բավարարել է նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին, Աղվան Արշակյանին, գործարար Տիգրան Գալստյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին սկսել Սրբազան պայքարի աջակիցների տներում, այդ թվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում։  Բագրատ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Բացի այդ, ՀՅԴ-ից հայտնել էին, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը ևս ձերբակալել են։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաև մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: