Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը։ Այս մասին X հարթակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի վարչությունը։

«Հաշվի առնելով անվտանգային իրավիճակը և Իսրայելի թիկունքի հրամանատարության ուղեցույցին համապատասխան՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի վաղվանից (չորեքշաբթի, հունիսի 18) մինչև ուրբաթ (հունիսի 20-ը)», – նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ փակումը վերաբերում է նաև Թել Ավիվի հյուպատոսական գրասենյակին։Այս շաբաթ Իսրայել ուղևորություններ պլանավորող ամերիկացիների համար «չճանապարհորդել» նախազգուշացման ֆոնին նախարարությունը հայտարարել է, որ «այս պահին ԱՄՆ մասնավոր քաղաքացիներին մեկնելու հարցում օգնություն ցուցաբերելու մասին հայտարարություն չունեն»:

«Մենք կտեղեկացնենք ԱՄՆ քաղաքացիներին մեկնման տարբերակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն լինելու դեպքում»,- նշվել է հայտարարության մեջ։

Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։