Վերաքննիչ դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատարանի որոշումը թողեց անփոփոխ. նա կազատազրկվի հինգ ու կես տարի
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։
Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման։
«Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-հայտարարեց զոհված տղաներից մեկի հարազատն ու որդեկորույս ծնողները ծափահարեցին։
«Աստված օրհնի Ձեր երեխաներին, այն մարդկանց, որոնք ունեն այնքան համարձակություն և չեն մասնակցում սրբապղծությանը»,-հայտարարեցին ծնողները։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։
Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

