Թեհրանը նորագույն հրթիռ է կիրառել Իսրայելին հարված հասցնելիս. Իրանի ՊՆ

Իրանը հունիսի 17-ին Իսրայելին հարվածելիս նորագույն հրթիռ է կիրառել, որին իսրայելցի զինվորականները չեն կարողացել հետևել մինչև թիրախին հարվածելը:  Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի վրա զինված ուժերի այսօրվա գրոհի ընթացքում օգտագործվել է նոր հրթիռ, որը, ինչպես հայտարարել են սիոնիստները, իրենք ընդհանրապես չեն նկատել մինչև դրա ընկնելը», – հայտնել է Իրանի պաշտպանական գերատեսչությունը։

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կիյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանն «առաջադեմ զենքով» և հարյուրավոր հարձակողական անօդաչուների օգտագործմամբ հարձակվել է Թել Ավիվում, Հայֆայում և Իսրայելի այլ շրջաններում գտնվող ռազմական օբյեկտների վրա և պլանավորում է առաջիկա ժամերին ուժեղացնել գրոհները։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։