Հնդիկ ուսանողներին Թեհրանից տարհանել են Հայաստանի տարածքով. Հնդկաստանի ԱԳՆ
Իրանում գտնվող հնդիկ ուսանողներն այդ երկրից տարհանվել են հարևան Հայաստանի տարածքի միջոցով։ Այս մասին գրում են հնդկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հնդկաստանի ԱԳ նախարարությանը։ Ընդհանուր առմամաբ 110 ուսանող է տարհանվել։
«Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, Թեհրանում գտնվող հնդիկ ուսանողները տեղափոխվել են քաղաքից դուրս, որոնցից 110-ը հատել են սահմանը՝ մտնելով Հայաստան՝ դեսպանատան կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ: Ջամմուի և Քաշմիրի ուսանողների ասոցիացիայի տվյալներով՝ Ուրմիայի բժշկական համալսարանի 110 հնդիկ ուսանող, որոնցից 90-ը՝ Քաշմիրի հովտից, անվտանգ կերպով անցել են Հայաստանի սահմանը: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Հնդկաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է համայնքի հետ՝ հնարավոր բոլոր օգնությունը տրամադրելու նպատակով»,-նշում են հնդկական ԶԼՄ-ները։
Հայաստանի ԱԳ նախարարությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը։

