Թել Ավիվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը վնասվել է Իսրայելի վրա Իրանի հարվածների հետևանքով
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատանն աննշան վնաս է հասցվել Իրանի հրթիռային գրոհի հետևանքով, անձնակազմը չի տուժել: Այս մասին հայտնել https://www.kommersant.ru/doc/7798514 է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Մայք Հաքաբին։
«Մի քանի աննշան վնասվածքներ կան Թել Ավիվում դեսպանատան մերձակայքում իրանական հրթիռային հարվածների հետևանքով առաջացած ցնցումներից, սակայն ամերիկյան անձնակազմը չի տուժել», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունը հունիսի 16-ին փակ կմնան։
Գիշերն Իսրայելը և Իրանը շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել միմյանց։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։

