Թեհրանի բնակիչները կվճարեն Իսրայելի վրա գիշերվա հարձակման համար. պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը՝ Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։

«Թեհրանի ամբարտավան բռնապետը դարձել է վախկոտ մարդասպան՝ թիրախավորելով Իսրայելի քաղաքացիական հատվածները, որպեսզի հետ պահի Իսրայելի պաշտպանության բանակին իր հարձակումը շարունակելուց…. Դրա համար կվճարեն Իրանի բնակիչները և շուտով», – գրել է Իսրայել Կացը։

Իսրայելցի պաշտոնյաներից մեկը The Jerusalem Post-ին հայտնել է, որ Իսրայելն, ամենայն հավանականությամբ, Թեհրանի տարբեր թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ կանի, որից հետո հարվածներ կհասցնի ենթակառուցվածքներին և կառավարության շենքերին։

Գիշերն Իսրայելի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ։ Ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջանների թիրախավորման հետևանքով վիրավորվել է 287 մարդ։

Իր հերթին, Իրանը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Իրանի առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են «ճշգրիտ հարվածներ»։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։