Հանրակրթության նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն է ստեղծվել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանում ներկա է եղել «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին: 2023 թվականին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի իրականացման և արդյունքների համար։ Նախարարը ներկայացրել է այս ոլորտում նախատեսված փոփոխությունները՝ ընդգծելով, որ Մանկավարժական համալսարանում ստեղծված կենտրոնն այդ փոփոխությունների կարևոր օղակներից է:

«Բազմիցս խոսել ենք բնագիտական առարկաների դասավանդման, կրթության որակի բարելավման անհրաժեշտության մասին։ Վերջին տարիների հետազոտությունները, այդ թվում՝ միջազգային, ցույց են տալիս, որ բնագիտության ուսուցման ոլորտում խնդիրներ ունենք։ Եթե մաթեմատիկայի ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա բնագիտության ուղղությամբ ցանկալի առաջընթաց դեռևս չունենք: Բնագիտական առարկաների ուսուցանումը դպրոցներում բարելավելու նպատակով նախարարության կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվում, որոնք բխում են Կառավարության գործունեության ծրագրից»,- նշել է նախարարը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում