Վարիկոզ կամ լայնացած երակ․ պատճառները, չբուժման բարդությունները

Վարիկոզը (լատիներեն՝ varix` «ուռուցք, լայնացած երակ»)՝ երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առաձգականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։

Հիմնական պատճառները`

  • ժառանգական նախատրամադրվածություն,
  • երկարատև կանգնած կամ նստած աշխատանք,
  • ճարպակալում,
  • հղիություն
  • ֆիզիկական ակտիվության պակաս,
  • հորմոնալ փոփոխություններ:

 Հիմնական ախտանիշները`

  • ծանրության զգացողություն ոտքերում,
  • երակների ուռուցք,
  • կապտավուն երակների տեսանելիություն,
  • ցավ, այտուց, այրման զգացողություն,
  • երեկոյան ուժգնացող հոգնածություն ոտքերում,
  • մաշկի գունափոխություն:

Անոթաբան Արգիշտի րոյանի խոսքով, եթե վարիկոզը չբուժվի ժամանակին, այն կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների։ Վարիկոզի չբուժման բարդությունները`

  1. Թրոմբոֆլեբիտ` երակներում կարող են առաջանալ արյան մակարդուկներ (թրոմբներ), ինչը հանգեցնում է երակների բորբոքման։
  2. Թրոմբոէմբոլիա` երբ թրոմբը պոկվում և անցնում է արյան հոսքի մեջ, և կարող է փակել կարևոր անոթներ։
  3. Խրոնիկական վենոզ անբավարարություն` երբ արյունը ճիշտ չի հոսում վեր, այն կանգ է առնում ոտքերում՝ առաջացնելով այտուց, մաշկի փոփոխություններ և զգալի անհարմարություններ։
  4. Տրոֆիկ խոցեր (վերքեր)` երկարատև արյան կանգի պատճառով մաշկը կարող է թուլանալ, վերքավորվել: Այս խոցերը դժվար են բուժվում։
  5. Արյունահոսություն` լայնացած երակները կարող են պատռվել նույնիսկ թեթև հարվածից, առաջացնելով արտաքին կամ ներքին արյունահոսություն։
  6. Մաշկի գունափոխություն և պիգմենտացիա` մաշկը կարող է մգանալ, դառնալ կոշտ և չոր՝ շարունակական այտուցների պատճառով։
  7. Լիպոդերմատոսկլերոզ` երկարատև բորբոքային պրոցեսների հետևանքով մաշկի տակ ճարպային հյուսվածքները կարծրանում են։

Ամռանն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել վարիոկզ հիվանդությանը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է խթանել երակների լայնացումը և այտուցները։

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդության խորացումը.

  1. Խուսափե՛ք երկարատև ջերմային ազդեցությունից. չպետք է երկար մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Խուսափե՛ք շոգ ջրով լոգանքներից կամ շոգեբաղնիքներից։
  2. Կրե՛ք կոմպրեսիոն գուլպաներ. բժշկական կոմպրեսիոն գուլպաները օգնում են կանխել այտուցը և նպաստում արյան ճիշտ շրջանառությանը։ Ամռանը օգտագործե՛ք թեթև կոմպրեսիոն գուլպաներ՝ հատուկ նախատեսված տաք եղանակի համար։
  3. Պահպանե՛ք ֆիզիկական ակտիվություն: Հաճախ քայլեք, լողացեք կամ զբաղվեք ցածր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվությամբ։ Խուսափեք երկար նստած կամ կանգնած դիրքում մնալուց։
  4. Սառը ջրով լվացե՛ք ոտքերը՝ այտուցը նվազեցնելու և երակների տոնուսը բարձրացնելու համար։
  5. Օրվա ընթացքում պարբերաբար պառկե՛ք ու ոտքերը բարձրացրե՛ք սրտի մակարդակից վեր՝ 15-20 րոպեով։ Դա օգնում է վերադառնալ արյան հոսքին և նվազեցնում ճնշումը երակներում։
  6. Խմե՛ք շատ ջուր։ Ջրազրկումը կարող է ավելացնել արյան խտությունը և վատթարացնել վիճակը։
  7. Հետևե՛ք սննդակարգին: Սնվե՛ք թարմ մթերքներով՝ մրգեր, բանջարեղեն, լիարժեք հացահատիկներ։ Խուսափե՛ք աղի և շատ շաքար պարունակող սննդից, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի պահպանում։
  8. Կրե՛ք թեթև, ազատ հագուստ, որպեսզի խուսափեք ազդրերի և ծնկների շրջանում արյան հոսքի խանգարումից։

Եվ ամենակարևորը՝ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ունեք ցավ, այտուց, կամ մուգ գույն ստացած երակներ, պարտադիր այցելեք անգիոլոգի կամ ֆլեբոլոգի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։