Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյանի անդրադարձը
Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրոհը Գարեգին երկրորդի ուղղությամբ, հերթական անգամ գրառում անելով եւ հարց տալով, թե ինչո՞ւ է իր անձնական կյանքի վերաբերյալ բարձրացրած հարցերի առնչությամբ լռում Վեհափառը:
Այս պատմությունը գոնե առերեւույթ փոքր ինչ հիշեցնում է նախագահ Արմեն Սարգսյանի պատմությանը, երբ դեռ նոր էր առաջադրվում այդ պաշտոնին, այսինքն Հայաստանում դեռ ՀՀԿ-ն էր իշխանության, իսկ Փաշինյանը՝ ընդդիմադիր:
Հիշում եք, թե նա ինչպես էր բարձրացնում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը, պահանջելով, որ նախագահի թեկնածու Սարգսյանն ապացուցի, որ առաջադրվելուց առաջ հրաժարվել է Բրիտանիայի քաղաքացիությունից:
Հանրությունն այդպես էլ չտեսավ հրաժարումի որեւէ համոզիչ ու ամբողջական հավաստիացում, փոխարենը արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ հարցերին ի պատասխան ասում էր, թե Սարգսյանը ներկայացրել է ապացույցը եւ ինքը տեսել է դա, հարցը փակված է:
Այլ կերպ ասած, Արմեն Սարգսյանը լեզու էր գտել Նիկոլ Փաշինյանի հետ ու հարցը փակվել էր:
Իհարկե, հետո արդեն, երբ գտնված լեզուն կորավ՝ հետպատերազմյան շրջանում, բացվեց Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի այլ կողմ՝ Սենտ Քիթս եւ Նեվիս: Բայց դա արդեն այլ պատմություն է:
Հիմա, Կաթողիկոսին ուղղված հարցադրումները գոնե առերույթ հիշեցնում են «ընդդիմադիր Փաշինյանի»՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ուղղված հարցադրումը:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Կաթողիկոսը կապվի եւ փորձի պայմանավորվել, ինչից հետո Փաշինյանը կարող է հայտարարել, որ Վեհափառը ներկայացրել է «կուսակրոնության ուխտին հավատարմության համոզիչ ապացույցներ», ու հարցը փակված է:
Հակոբ Բադալյանի տելեգրամյան ալիքից

