Դավիթ Սանասարյանն արդարացվեց
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Դավիթ Սանասարյանի գործով վճիռը՝ արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ մի վայրկյան չկասկածեցին ու բոլոր նրանց ովքեր կողքիս մնացին։ Առանց ձեզ արդարությունը կխեղդվեր չեկիստական անկյուններում»,-գրել է Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

