Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսները
Ղարաքիլիսայի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև, Ղարաքիլիսայի (Վանաձոր) մոտ։ Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։
Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թվականի սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ անկազմակերպ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի, մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։

Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նազարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են նաև Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
Ղարաքիլիսայի ճակատամարտը վերջինն էր Մայիսյան հերոսամարտերի շարքում, որով և վերջակետ դրվեց թուրք–հայկական պատերազմին, և ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրը:
Թուրքական զորքերին Ղարաքիլիսայում պահել, նշանակում էր թույլ չտալ նրանց շրջանցել և թիկունքից հարվածել Արարատյան դաշտավայրին, քանի որ այդ դեպքում թե՛ Սարդարապատի և թե՛ Բաշ-Ապարանի հերոսամարտերն անիմաստ էին դառնում:
Իր կենսագրականում Ղարաքիլիսայի ճակատամարտին դիպուկ գնահատական է տվել դրան անմիջականորեն մասնակցած և մարտական գործողությունները ղեկավարած Գարեգին Տեր-Հարությունյանը (Նժդեհը).

«1918 թ. մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Վիրավորվել եմ: Ներկայացվել ամենաբարձր քաջության շքանշանի: Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությանը և հիմք դրեց Հայկական Պետության»:

Գուրգեն Տեր–Մովսիսյան․ Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս հրամանատարներից
Գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։
«Փառք և պատիվ հայ արյան»․ վկայում է ականատեսը, որովհետև խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում.
«Ես չե՛մ հնազանդի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ հետևից գա»։
Նրան է միանում Նժդեհը, որը Երևանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սևան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երևանը։
Ապստամբած և, ի վերջո, Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ, մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա։
Սկսվեց ճակատամարտը:
Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքն ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար…
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն, և երկիրը փրկվում է կործանումից:
Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստան գուցե թե չունենայինք:
Ղարաքիլիսայի ճակատամարտի քաջերն իրենց անձնուրաց հերոսությամբ կատարեցին Արամ Մանուկյանի պատգամը՝ թուրքական գերակշիռ ուժերին Ղարաքիլիսայում պահելով ոչ թե երեք, այլ չորս օր՝ մինչև մայիսի 28-ը: Այդ գործում իրենց ժողովրդին մեծագույն ծառայություն մատուցեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի ռազմական գործողությունների փաստացի անզուգական հրամանատար Գարեգին Նժդեհը և ճակատամարտում հերոսաբար անմահացած երիտասարդ կապիտան Գուրգեն Տեր–Մովսիսյանը: Ղարաքիլիսայի ճակատամարտի ընթացքում իրենց անունը փառքով պսակեցին մի շարք հայ սպաներ՝ Գեորգիևյան Ա կարգի շքանշանակիր գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, գնդապետներ Սմբատ Սամարցյանը, Հովսեփյանը և Գամազյանը, փոխգնդապետ Ալոբյանը և շատ ուրիշներ:

