Վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը չեղարկվեց (տեսանյութ)
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթի նիստին ՔՊ պատգամավոր Հյակ Սարգսյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկումը չեղարկվել է:
Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պատճառն այն է, որ այլ հրատապ քննարկման հարցեր կան. «Հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնել, մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,–ասաց նա՝ հավելելով, որ լրացուցիչ կհայտնեն նիստի օրվա և ժամի մասին։
Հանձնաժողովի անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց. «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես որ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի շենքում էր գտնվում։ Նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։
Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար: ՀՀ զինված ուժերը բոլորին են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները, եթե ասում են, որ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից։

