Պրեէկլամպսիան գլոբալ խնդիր է․ աշխարհում տարեկան շուրջ 76.000 մայր և 500.000 նորածին է մահանում
Մայիսի 22-ին նշվում է պրեէկլամպսիայի դեմ պայքարի համաշխարհային օրը, այն բնութագրվում է հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում զարկերակային գերճնշմամբ, հանդիսանալով մայրական և նորածնային մահացության գլոբալ պատճառներից մեկը: Այն գլոբալ խնդիր է, որը հիմնականում տարածված է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Աշխարհում տարեկան շուրջ 76.000 մայր և 500.000 նորածին է մահանում պրեէկլամպսիայի և հարակից հիպերտոնիկ խանգարումների պատճառով՝ հղիության ընթացքում: Այդ մահերի 60%-ը կարելի է կանխարգելել, եթե հղիները հիվանդության նշանների և ախտանիշների վերաբերյալ բավականաչափ իրազեկված լինեն:
Ըստ 2023թ.-ի «Մոր եւ մանկան առողջություն» վիճակագրական տարեգրքի տվյալների` ՀՀ-ում մայրական մահացության պատճառներից հղիության տոքսիկոզները, որոնց թվում է նաև պրեէկլամպսիան, բավականին հազվադեպ են գրանցվել, մասնավորապես` 1-ական դեպք 2003, 2005, 2008 և 2012թթ.-ին, 3 դեպք 2009թ.-ին և 2 դեպք 2019թ.-ին:
Պրեէկլամպսիայի ախտանշաններն են` ուժեղ գլխացավ, ձեռքերի և դեմքի այտուցվածություն, տեսողության հետ կապված խնդիրներ, սրտխառնոց և փսխում, ցավ որովայնի շրջանում, քաշի հանկարծակի ավելացում և/կամ դժվարաշնչություն: Պրեէկլամպսիան կարող է առաջանալ ցանկացած հղիության ժամանակ, ուստի բոլոր մայրերը պետք է տեղյակ լինեն դրա մասին:
Հետծննդաբերական պրեէկլամպսիան կարող է զարգանալ ծննդաբերությունից հետո վեց շաբաթվա ընթացքում: Կարևոր է, որ կանայք ուշադրություն դարձնեն հետծննդյան հատուկ ախտանիշներին, ներառյալ ուժեղ գլխացավը, տեսողության փոփոխությունները, ձեռքերի և դեմքի այտուցվածությունը և հատկապես դժվարաշնչությունը:
Պրեէկլամպսիան բնութագրվում է հիպերտոնիայով, պրոտեինուրիայով /սպիտամիզությամբ/ և այտուցներով։ Ընդ որում, պրեէկլամպսիան, որն ընթանում է առանց գեներալիզացված այտուցի, ավելի վատ ընթացք է ունենում, քան գեներալիզացված այտուցով ընթացող ձևը։
Պետք է նաև նշել, որ նորմալ ընթացող հղիությունների 50-80% դեպքում կարող են լինել չափավոր այտուցներ, ինչը պայմանավորված է պրոգեստերոնի հակամիներալոկորտիկոիդ ազդեցության հետ։
Այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո, սակայն որքան վաղ լինի կանխորոշման ժամկետը, այնքան հավանական է վատ ելքի բացառումը և՛ պտղի, և՛ մոր համար։
Ներկայումս պրեէկլամպսիայի առաջացման պատճառները բացահայտելու բոլոր փորձերը դեռևս զգայուն արդյունք չեն տվել։
Առավել հավաստի վարկածն այն է, որ պրեէկլամպսիայի պատճառ կարող է հանդիսանալ հղիության վաղ ժամկետում ընկերքի ձևավորման խանգարումը` տարբեր հանգամանքներով պայմանավորված։
Այնուամենայնիվ, կա կանանց ռիսկի խումբ, ովքեր ավելի հակված են պրեէկլամպսիայի․
- Կրկնածինները, ովքեր 10 տարի ընդմիջումով են հղիացել կամ անամնեզում նշված է պրեէկլամպսիա
- Ընտանեկան անամնեզ (մոր կամ քրոջ մոտ պրեէկլամպսիա)
- Մարմնի ավելցուկային քաշ
- Դիաստոլիկ զարկերակային գերճնշումը
- Մեզում սպիտակուցների առկայությունն առաջին այցի ժամանակ
- Քրոնիկ զարկերակային գերճնշումը
- Երիկամային հիվանդությունը
- Կոլագենոզը
- Անոթային հիվանդությունները
Բարձր ռիսկի խմբի հղիների շրջանում պրեէկլամպսիայի կանխարգելման համար վերջին ժամանակներում ակտիվ քննարկվում է սև շոկոլադի դրական ազդեցությունը։ Սև շոկոլադը կարգավորում է զարկերակային ճնշումը, ինսուլինի հանդեպ զգայունությունը՝ 3 հիմնական կենսաբանական մեխանիզմների վրա ազդելով․ օքսիդատիվ սթրեսի, բորբոքման և էնդոթելիալ դիսֆունկցիայի։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն

