ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությունը։ Հիշեցնենք, որ ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված օկուպացվել է։

Հարցին, թե գործողությունները չեն համապատասխանել ստեղծված իրավիճակին, ՌԴ նախարարը նկատել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում արձագանքն անհապաղ է եղել, իրավիճակին ծանոթանալու առաքելության առաջապահ խումբը մեկնել է, տեղում օպերատիվ զեկույց է ներկայացրել իրավիճակի կայունացման համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու կոնկրետ գործնական առաջարկներով, այնտեղ նշված է եղել դիտորդների թիվը, սպառազինությունը, որը պետք է լիներ։

Լավրովը հիշեցրել է, որ զեկույցը քննարկվել է հոկտեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում, պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման նախօրեին։ Համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկել է հետաձգել։ «Մենք համաձայնեցինք, և որոշ ժամանակ անց՝ նոյեմբերին, հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, և Պրահայում հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը փոխադարձ հիմունքներով, որը հաստատեցին Բաքուն և Երևանը, որոշվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ որի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր կազմում։ Սա բավականին անսպասելի էր, քանի որ 2020 թ. նոյեմբերին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների թեժ պահին, երբ ՌԴ նախագահը ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ խմբագրում էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս՝ ջենթլմենական պայմանավորվածություն, որ կարգավիճակը ենթակա է կողմերի միջև հետագա համաձայնեցման։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- նշել է Լավրովը՝ իրավիճակի ավելի լավ ընկալման համար հիշեցնելով ոչ մեկ տասնամյակ տևած բանակցությունների մասին, երբ մի քանի անգամ թվում էր, թե ահա-ահա համաձայնություն կձեռք բերվի։ Չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում։ Մենք հենց ջանում էինք, նկատել է նախարարը։

Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թ. օգոստոսին ռուսաստանյան կողմը միջնորդական առաջարկ է ներկայացրել, որին Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Սեպտեմբերին տեղի ունեցավ հարձակում և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել են դաշնակիցներին՝ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին։ Նախարարի գնահատմամբ, գործողությունները ՀՀ-ի համար անբավարար էին։ Հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, որտեղ հաստատվեց այն ընկալումը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Միրզոյանը նաև հավելել է, որ ԼՂ հարցում ՀՀ դիրքորոշումը երկար տարիներ չեն կիսել միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՌԴ-ն, որը բարձր մակարդակով ընդգծել է ԼՂ-ի պատկանելությունը Ադրբեջանին։