Amnesty International-ը Ռուսաստանում «անցանկալի» կազմակերպություն է ճանաչվել
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը երկրում «անցանկալի» է հայտարարել Amnesty International Limited միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Կրեմլը կազմակերպությանը մեղադրել է ռուսատյացության համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Amnesty International-ը «համաշխարհային ռուսատյաց նախագծերի պատրաստման կենտրոն է», որոնք ֆինանսավորվում են «Կիևի ռեժիմի հանցակիցների կողմից»։ ՌԴ դատախազները նաև մեղադրել են իրավապաշտպաններին «ծայրահեղական կազմակերպություններին աջակցելու և օտարերկրյա գործակալներին ֆինանսավորելու համար»:
Բացի այդ, ՌԴ դատախազությունը դժգոհել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Amnesty-ի ակտիվիստները «կոչ են անում Ռուսաստանի Դաշնության քաղաքական և տնտեսական մեկուսացման՝ արդարացնելով ուկրաինացի զինվորականների գործողությունները և լոբբինգ անելով Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»։
Amnesty International-ը 1961 թվականից աշխատում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 1977 թվականին կազմակերպությունը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։

