Քանի՞ երկրի «5-րդ շարասյուն» կա Ադրբեջանում և ո՞ր խմբերն են թիրախավորվում այդ տերմինով. հայացք Ալիևի նստավայրից
Իլհամ Ալիևի և նրա քաղաքական թիմի անդամների, ինչպես նաև իշխանությունների շահերը սպասարկող փորձագետների, վերլուծաբանների, «քաղակտիվիստների», «բնապահպանների» և այս շարքի այլոց խոսքում ամենատարածված արտահայտություններից մեկը «5-րդ շարասյուն»-ն է (ադրբ. beşinci kolon), երբ խոսում են իրենց հայացքները չկիսող հայրենակիցների կամ խորհրդային տերմինաբանությամբ՝ այլախոհների, քաղաքական հակառակորդների կամ ներվերնախավային պայքարի պատճառով իշխանություններից հեռացված, ձերբակալված և/կամ մարգինալացված անձանց, կրոնական գործիչների և հավատացյալների, ինչպես նաև տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մասին։
Ստորև ներկայացվում են Ադրբեջանի գործող իշխանությունների խոսքում ամենագործածական արտահայտություններից մեկի՝ «5-րդ շարասյան» հասցեատերերը՝ ըստ դրանց «պահող» կամ «հովանավորող երկրների»՝
1) ավանդական, դասական կամ իրական ընդդիմության (ԱԺՃԿ, Մուսավաթ, ԺՈւԱԴ) ներկայացուցիչները, ովքեր որակվոմ են որպես ԵՄ որոշ երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ և այլն), ԱՄՆ-ի և, բնականաբար, առանձին «Սորոսի հիմնադրամի» «5-րդ շարասյուն»,
2) քաղաքականապես ոչ ակտիվ, սակայն որպես քաղհասարակություն՝ իրենց հռչակած արժեքների պաշտպանության հարցում անկաշառ երիտասարդների մի թև, որի ներկայացուցիչներն Ադրբեջանում հայտնի են որպես «պացիֆիստներ» և հռչակված են «Հայաստանի 5-րդ շարասյուն Ադրբեջանի ներսում»,
3) Ժամանակին, հատկապես Հեյդար Ալիևի մահից հետո, Ադրբեջանում փաստացի իշխանության մոնոպոլիա ունեցած և Իլհամ Ալիևին դրա փոխանցումը ապահոված Ռամիզ Մեհդիևը և նրա շուրջ հավաքված «հին գվարդիան», ինչպես նաև նույն Մեհդիևի վերահսկողության տակ գտնվող նախիջևանյան կլանի ձախ թևը (Վասիֆ Թալիբով և մյուսներ), որոնք հռչակված են «Ռուսաստանի 5-րդ շարասյուն Ադրբեջանի ներսում),
4) «Ադրբեջանի ներսում ՌԴ 5-րդ շարասյան» պիտակը փակցված է նաև որոշակի ակտիվություն ունեցող և սեփական իրավունքների պաշտպանությունից խոսող լեզգիների վրա,
5) շիա հոգևորականներ, կրոնական գործիչներ և հավատացյալներ, որոնք Ադրբեջանի իշխող քաղաքական էլիտայի ներկայացուցիչների խոսքում ներկայանում են որպես «Իրանի 5-րդ շարասյուն Լենքորանում, Բաքվում, Գանձակում և Ադրբեջանի այլ քաղաքներում»,
6) «Իրանի 5-րդ շարասյուն» են անվանվում նաև Ադրբեջանում սեփական լեզուներով՝ թալիշերենով և կովկասյան պարսկերենով կրթություն ստանալու իրավունքի իրացման համար պայքարող թալիշ և թաթ գործիչները, իսկ ներքաղաքական որոշակի լարված իրավիճակներում այդ տերմինով կարող են թիրախավորվել Ադրբեջանի ընդհանրապես բոլոր թալիշները: Թե՛ Ադրբեջանում, թե՛ հատկապես Ադրբեջանից դուրս դուրս ապրող թալիշների ու թաթերի (կովկասյան պարսիկներ) վերաբերությամբ գործածական է նաև «Հայաստանի 5-րդ շարասյուն» արտահայտությունը։
7) Ակտիվ ֆեմինիստները նույնպես թիրախավորվում են որպես «5-րդ շարասյուն», որը «Ադրբեջանը քանդելու և աշխարհի քարտեզից ջնջելու ուղղությամբ» ծառայություններ է մատուցում «գաղութատիրության հայտնի կենտրոններին», հատկապես Ֆրանսիային և Նիդերլանդներին։

