«Արևմտյան Ադրբեջանի» քարոզչական միֆի հորդանանյան արտացոլումը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտում է՝ Հորդանանում անցկացված, հակահայկական ուղղվածությամբ միջոցառումը։

2025 թվականի մայիսի 15-ին՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, Ադրբեջանի դեսպանատան և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտաժողով՝ «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով։
Գիտաժողովին հաջորդել է «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբր թե Երևանում հայտնաբերված, Սեֆյան ժամանակաշրջանի մետաղադրամներ։

Բացման խոսքում Ադրբեջանի դեսպան Էլդար Սալիմովը միջոցառումը ներկայացրել է որպես «արևմտյան ադրբեջանցիների» մշակութային և հոգևոր ժառանգության վերականգնման նախաձեռնություն։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է այս միջոցառումները, որոնք միտված են շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգային լեգիտիմացմանը և Հայաստանի պատմամշակութային ժառանգության յուրացմանը։

Հիմնադրամը՝ հայտարարության մեջ, կոչ է անում միջազգային հանրությանը և շահագրգիռ կառույցներին, հստակ արձագանքել նման փորձերին, որոնք սպառնում են տարածաշրջանային խաղաղության հեռանկարներին։

Հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում։