Վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը
Աշխարհիկ արվեստն ու դիմանկարչությունը 19-րդ դարի կեսերին
Հայաստանի ազգային պատկերասրահ․ 19-րդ դարի սկզբին Թիֆլիսի, Կոստանդնուպոլսի և Սպահանի գաղթօջախներում ձևավորվող հայ կերպարվեստը թևակոխեց զարգացման նոր փուլ, սկսեց ընթանալ արևմտաեվրոպական ավանդույթների հունով: Հայ նկարիչներից շատերը մասնագիտական կրթություն ստացան Ռուսաստանի և Եվրոպայի գեղարվեստական կրթօջախներում: Այս առումով հատկապես նշանակալի էր Անդրկովկասի վարչական և մշակութային կենտրոն Թիֆլիսը, որտեղ ապրել ու կրթություն են ստացել բազմաթիվ հայ գործիչներ, այդ թվում և Հակոբ Հովնաթանյանը:
Հակոբ Հովնաթանյանը 17–19-րդ դարերի հայ գեղանկարչության զարգացման գործում բացառիկ դեր ունեցող Հովնաթանյան նկարիչների տոհմի վեցերորդ սերնդի ներկայցուցիչն է, և նրա անվան հետ է կապվում ռեալիստական նկարչության և դիմանկարի ժանրի ամրապնդումը հայ արվեստում։ Տոհմի հիմնադիրն է գրիչ և ծաղկող Օհան քահանան, իսկ նրա որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հովնաթանի անունով գերդաստանը կոչվել է Հովնաթանյան։ Նաղաշի և իր ժառանգների (Հակոբ և Հարություն եղբայրներ, Հովնաթան, նրա որդի՝ Մկրտում, թոռներ՝ Հակոբ կրտսեր և Աղաթոն) ստեղծագործությունը, խարսխվելով տեղի մշակույթի ավանդույթների վրա և յուրացնելով Արևելքի և Արևմուտքի մշակույթների գեղարվեստական միջոցները, նոր արտահայտչամիջոցներով հարստացրեց հայ արվեստը։
Հակոբ Հովնաթանյանը ծնվել է Թիֆլիսում, նկարել սովորել է հորից` Մկրտումից, որը ժամանակի հայտնի նկարիչներից էր, ուներ արվեստանոց և դասավանդելու արտոնություն: 1829 թ. Հակոբը մեկնում է Պետերբուրգ` ընդունվելու Գեղարվեստի ակադեմիա, սակայն տարիքային անհամապատասխանության պատճառով չի ընդունվում: Հետագայում նրա ստեղծած դիմանկարներից մեկը տեսնելով՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան Հովնաթանյանին շնորհում է «ոչ դասային նկարչի» կոչում:
Հայոբ Հովնաթանյանը զբաղվել է գեղանկարչությամբ` ստեղծելով դիմապատկերներ: Նրա արվեստում նկատելի է Վերածննդի արվեստի պատկերագրության ազդեցությունը: Նկարիչը չի ստորագրել և չի թվագրել իր աշխատանքները, ինչը դժվարացնում է նրա թողած գեղարվեստական ժառանգության ուսումնասիրությունը:
Հովնաթանյանի հաջողության շնորհիվ դիմանկարի ժանրը լայն տարածում է գտնում Թիֆլիսում, ի հայտ բերելով բազմաթիվ այլ տեղացի գեղանկարիչների, որոնց անունները մեզ այսօր անհայտ են։ Սակայն 1860-ին լուսանկարչության՝ Թիֆլիս թափանցելու պատճառով այդ բնագավառը կտրուկ անկում է ապրում։ Հովնաթանյանը ստիպված տեղափոխվում է Թավրիզ, ապա Թեհրան՝ դառնալով Նասր ալ-Դին շահի պալատական նկարիչը։ Իսկ Թիֆլիսում հաստատվում են նոր սերնդի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում ուսանած Ստեփանոս Ներսիսյանը, որը, բացի ակադեմիական ոճի դիմանկարներից, ստեղծել է նաև, առաջիններից մեկը հայ արվեստում, պատմական և կենցաղային ժանրերին վերաբերող գեղանկարներ:
Հայ նոր և նորագույն արվեստի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և 18-ից 20-րդ դարասկզբի անվանի նկարիչների անկրկնելի ստեղծագործությունները:

