ԵՄ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և բարեփոխումների ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ:

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը:

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը: Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել հետագա քայլերի շուրջ՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: