92-ին հաղթեցինք, որովհետև համախմբված էինք, ու կար Վազգեն Սարգսյանը. իմ երջանիկ օրերից էր Շուշիի ազատագրումը. Սասուն Միքայելյան

«Գիտեք՝ Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել, վիրավորվել եմ, և իմ երջանիկ օրերից մեկն է եղել Շուշիի ազատագրումը և մեր առաջին շքերթը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք՝ երկրապահներս, այն ժամանակ էլ, հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, էսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, ու մինչև վերջ էլ կտանենք»,- ասաց նա:

Միքայելյանն ընդգծեց, որ եթե խելոք լինենք ու կարողանանք համախմբվել ազգովին, դեռ ճամփա ունենք անցնելու: Նա նաև նշեց, որ չի լռում` դիրքերում է:

Անդրադառնալով կառավարության որոշմամբ ԵԿՄ-ին գումար տրամադրելուն, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք 2020 թվականից մինչև այսօր Հայաստանի պետական սահմաններում ենք, Արցախյան ազատամարտում Երկրապահը 4000 հոգով մասնակցել է Արցախում, տվել ենք 74 ու 113 վիրավոր: Մենք այսօր պատանի երկրապահներ ունենք, երեխաներ ենք պատրաստում, որ վաղը զինվոր դառնան: Բացի այդ, գիտեք, որ այսօր երկրապահներից շատերը ծերացել են, շատ սոցիալական խնդիրներ ունեն, շատ պրոբլեմներ ունեն և դրանցով ենք զբաղվում նաև»։

Լրագրողի դիտարկմանը, թե 92-ին ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել, ի՞նչն էր պատճառը, ԵԿՄ նախագահը պատասխանեց․ «Համախմբվածությունն ու Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ տարբեր հավատքի, տարբեր կուսակցության ջոկատներ կային, սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ՝ մենք տարանք հաղթանակ և երկրապահի հիմքի վրա կազմավորվեց բանակը: Հիմա բոլորն ասում են՝ ինչ է անում երկրապահը, երկրապահն առաջնագծում է 20 թվից մինչ այսօր՝ մեծ թվաքանակով»: