Գ․ Հարությունյանը հայտարարում է․ «Բոլոր հայերին ընդունելու համար Հայաստանին պետք է վերադարձվեն Թուրքիայի զավթած հայկական մարզերը»
Բարոյականությունից անբարոյականություն մեկ քայլ է:
1946 թվականի սկզբին խորհրդային Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը Երևանի ընտրական օկրուգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հրապարակավ անդրադառնում է հայրենադարձության և Հայաստանից բռնակցված հողերի վերադարձի հարցին:
Ներկայացնելով տեղեկատվություն խորհրդային Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի թվաքանակի մասին՝ Հարությունյանը հայտարարում է՝ մենք պետք է աչալրջորեն մոտենանք այդ հարցին այն իրագործելու ժամանակ, արտասահմանյան հայերի թիվը մոտ մեկ միլիոն է: Իհարկե, մենք բոլորին չենք կարող ընդունել Հայաստանի ներկայիս տերիտորիայում… մաքսիմում 350-400 հազար մարդ, այնինչ ցանկացողներն ավելի շատ են: Մենք ինչպե՞ս պետք է վարվենք մնացածների հետ: Մնացած 500-600 հազար հայերին ընդունելու համար մենք հարց ենք դնում, որ Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը:
Այդ հանդիպման մասնակիցներից մի քանիսը պատմում են, որ Հայաստանի կոմունիստների առաջնորդի այդ հայտարարությունից հետո դահլիճը պայթում է ծափահարություններից, որոնք չէին ընդհատվում մի քանի րոպե:
Երբ ի վերջո լռություն է տիրում, Հարությունյանը շարունակում է.
-Միայն այդ պայմանով մենք կկարողանանք ընդունել բոլոր ցանկացող հայերին: Իսկ նրանց մերժելու համար մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք: Դա է ներկայումս Թուրքիայի ձեռքին գտնվող հայկական մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի այժմեականությունը:
Ու դահլիճում բոլորը միաժամանակ ոտքի են կանգնում ծափերով…
…Հետպատերազմական շրջանում Հայկական հարցի բանակցային ու հանրային քննարկումներին առաջիկա օրերին կանդրադառնամ գրառումների շարքով, որովհետև այդ իրողությունները, հայկական հողերի վերադարձի գործընթացի վիժեցման, հայրենադարձության խոչընդոտների ու խոչընդոտողների մասին մեր դասագրքերում, հանրային խոսույթում, ըստ էության, ոչինչ չկա: Ու նաև այդ պատճառով այսօր ձևախեղված է Երկրորդ համաշխարհային պատերազմին մեր ժողովրդի մասնակցության, զոհողությունների, նրա զավակների սխրանքների ու ինքնազոհաբերումների գնով ձեռք բերված հաղթանակի գնահատականը: Հաղթանակի, որ կարող էր և պետք է նյութականանար Ցեղասպանության ու հայկական պատմական հայրենիքի տարածքների բռնակցման հետևանքների վերացմամբ: Կարծում եմ, գրառումների այդ շարքը անհրաժեշտություն է այսօր նաև այն պատճառով, որ ի ցույց դրվի մեր անկախ հռչակված Հայաստանի Հանրապետության որպես պետության և նրա իշխանությունների բարոյականությունը: Որովհետև բարոյականությունից անբարոյականություն, որպես կանոն, մեկ քայլ է:

