Զելենսկին հաստատել է, որ Լոնդոնում բանակցությունները կընթանան հրադադարի շուրջ
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ: Մենք պատրաստ ենք շարունակել շարժվել հնարավորինս կառուցողական կերպով, ինչպես արել ենք նախկինում՝ անվերապահ հրադադարի հասնելու համար՝ հետագայում իրական և տևական խաղաղության հաստատմամբ», – գրել է նա։
Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ լոնդոնյան բանակցություններին Ուկրաինայի պատվիրակությունը կներկայացնեն չորս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Աղբյուրի համաձայն՝ Միացյալ Նահանգների կողմից Մեծ Բրիտանիա կմեկնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Քիթ Քելոգը։
Իսկ եվրոպական երկրներից ներկա կլինեն արտգործնախարարները և ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Ապրիլի 20-ին Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր հրադադարի նոր ձևաչափ։ Այն նախատեսում է առնվազն 30 օրով հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հեռահար հարվածներից:

