Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում․ Միրզոյան
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների։
Լրագրող․–Կարծում եք՝ Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, և այդ հարցը քննարկել ե՞ք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։
Արարատ Միրզոյան․– Այո, իհարկե։ Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։
Այսինքն, մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո։
Լրագրող․ Այսօր հանդիպումների ընթացքում որոշե՞լ եք ժամկետ, թե երբ երեք երկրները կարող են միասին հանդիպել։ Թե՞ կարծում եք, որ կարող է լինել այլ տարբերակ։ Նկատի ունեմ, ի՞նչ կարող է լինել Ադրբեջանի դիրքորոշման հիմքում։
Արարատ Միրզոյան․ Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։ Հուսով ենք՝ այս գործընթացը կունենա դրական ավարտ։
Լրագրող․ Ի՞նչ ասաց Հաքան Ֆիդանը, երբ դուք ասացիք, որ եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, դա կարող է դրական ազդեցություն ունենալ մյուս կողմի վրա։ Ի՞նչ էր նրա պատասխանը։
Արարատ Միրզոյան․ Այս հարցն արժի ուղղել մեր թուրք գործընկերներին։ Եթե ստանաք պատասխանը, խնդրում եմ կիսվեք ինձ հետ։
Ավելին՝ հետևյալն հղումով։

