Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ազդեցության աճից. Ամերիկացի պրոֆեսոր

ԱՄՆ-ի Օկլահոմայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջոշուա Լանդիսը խոսել է Սիրիայում Թուրքիայի ներգրավվածության ու ազդեցության մեծացման  մասին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ պրոֆեսորի՝ Թուրքիայի ու Սիրիայի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շրջադարձային փուլ էր:

Նշելով, որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան ռազմավարական ներդաշնակության է հասել Թուրքիայի հետ հարաբերություններում, Լանդիսն ասել է.

«Շարան շատ սիրված է սուննի արաբների շրջանում, որոնք կազմում են սիրիական հասարակության մեծամասնությունը: Շատ կարևոր էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը»:

Անդրադառնալով Սիրիայում թուրք-սիրայելական լարվածությանը՝ նա նշել է. «Թուրքիայի միջամտությունն Սիրիայի գործերին անհանգստացնում է Իսրայելին: Նրանք հանդես են գալիս թույլ և մասնատված Սիրիայի օգտին. Իսրայելին անհանգստացնում է Թուրքիայի կողմից հզոր Սիրիայի կառուցումը։ Իսրայելի ակնկալիքն է պահպանել վերահսկողությունը տարածաշրջանում»:

Լանդիսը շեշտել է, որ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն  ավելի է  մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։