Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. Կոտայքի մարզպետ

Քննարկումները դեռ շարունակվելու են, մեկ շաբաթ ժամանակ եմ ես խնդրել ժողովրդից, որպեսզի հասկանանք՝ լուծումը ոնց ենք գտնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Քասախի բնակիչների տրանսպորտային խնդրին:

«Մի քանի տարբերակ քննարկել ենք, տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: Իսկ ահա Քասախ համայնքի համար թիվ 59 երթուղին հանվում է: