Փաշինյանը հիմա էլ իր բախտին է մեղավոր կարգում

Երեկ Փաշինյանն ու իր քաղաքացիական կինը «Կրթությունը նորաձև է» հակակրթական ծրագրով արշավել էին Մատենադարանի վրա՝ այս անգամ էլ այնտեղ իրենց մտքի գոհարները ներկայացնելով որպես կրթության չափորոշիչ։ Ինչպես նշում են ներկաները, նրանք հնարավորություն չեն ունեցել այդ զույգի հանճարեղ ելույթները տեսագրել կամ ձայնագրել, քանի որ բոլորի հեռախոսները և անգամ ժամացույցները հավաքել են։ Բայց լրատվամիջոցների ներկայացուցիչները այնուամենայնիվ կարողացել են գոնե գրավոր գրառումներ, նշումներ անել։ Այդ «դասախոսությանը» ներկա «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հավաստմամբ՝ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հրահրած 44-օրյա պատերազմի պատճառներին ու հանգամանքներին, հիմա էլ իր բախտն է անիծել՝ ասելով, թե «Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի»։ Այսինքն՝ Փաշինյանը հիմա էլ ընտրել է զոհի կարգավիճակը և փորձում է ամբողջացնել պատերազմը հրահրելու մեղքը նախկինների վրա բարդելու իր թեզը։ Նիկոլական հոտն էլ միշտ պնդում է, որ պատերազմը նախկինները գցեցին խեղճ Նիկոլի գրպանը, և նա չկարողացավ այդ ծանր լուծն արժանապատվորեն կրել։ Նիկոլն անբախտ է, իսկ, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լավ էլ բախտավոր աստղի տակ է ծնվել, քանի որ իր կառավարման տարիներին Հայաստանի նորանկախ Հանրապետությունը թերևս իր պատմության ընթացքում տնտեսական վերածննդի ժամանակաշրջանն ապրեց։ Բախտավոր, օրհնված է Սերժ Սարգսյանը, քանի որ իր օրոք Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը խոստանում էր մեզ համար դրական հանգուցալուծում ստանալ։ Ի վերջո նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է բախտավոր ղեկավար, քանի որ նրա օրոք ազատագրվեց Արցախը։ Նիկոլի տրամաբանությամբ այս երեք նախագահները սակայն որևէ առնչություն չեն ունեցել այդ գործընթացների հետ, պարզապես նրանց բախտը բերել է և հայտնվել են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու ճիշտ պաշտոն ստանձնել։ Եվ նրանց կառավարման կարողությունները, կադրային ճիշտ քաղաքականությունը ամենևին կապ չեն ունեցել այդ ղեկավաների հաջողությունների հետ։ Ծիծաղելի ու անհեթեթ պնդում է։ Այդպես անգործներն ու անպիտաններն են փորձում արդարացնել իրենց ձախողումները՝ ասելով, որ ոմանց բախտը բերում է՝ կյանքում լավ են ապրում, հաջողությունների հասնում, իսկ իրենք ի սկզբանե անբախտ են, և անիմաստ է պայքարել նորին գերազանցություն Ֆորտունայի հետ։

Նիկոլի ֆատալիստական տրամադրությունները պարզ չէ՝ հոգեկան խնդիրների արգասի՞ք են, և այդպես նա փորձում է ինքն իր առաջ մաքրվել Հայաստանի հանդեպ կատարած բոլոր մեղքերից՝ չընդունելով իր անկարողությունը, թուլակամությունը, թշնամու կոշիկները լիզելու ստրկական պատրաստակամությունը, իշխանատենչությունը, փառասիրությունը և հանուն այդ իշխանության բոլոր տեսակի հանցանքների գնալու կարողությունը։ Թե՞ գիտակցված հերթական մանիպուլյացիան է իր փոքրաթիվ հպատակների ուղեղները կառավարելու համար, թե ինքը ոչ մի բանի համար մեղավոր չէ, և անկախ իր լինել-չլինելուց՝ Հայաստանը կանգնելու էր այսօրվա օրհասական խնդիրների առաջ, ունենալու էր մեծ կորուստներ ու գլորվելու էր դեպի կործանման անդունդը։ Այդպիսով իր հոտին ուզոմ է հասկացնել՝ ով էլ գա իր փոխարեն, Հայաստանին ու Արցախին այլընտրանք չկա, քան այսօրվա կործանարար ընթացքը։

Բայց միայն հիմարը կհավատա այդ մտքերին՝ որևէ առնչություն չտեսնելով երկրի ղեկավարի ու նրա կառավաման ժամանակահատվածում երկրի ճակատագրի միջև։ Իր վարքով, հայտարարություններով, գործողություններով Փաշինյանը ամեն օր, ամեն ժամ ապացուցում է, որ այն ինչ կատարվուն է իր ու իր խմբակի կառավարման օրոք, իրենց կողմից լավ գիտակցված, մշակված ու իրագործվող ծրագրեր են, որոնց հեղինակները հենց իրենք են, ոչ թե դիպվածը, ոչ թե ճակատագիրը կամ բախտ կոչվածը, ոչ թե հայ ժողովրդի կարման։ Ուրեմն 2018 թվականից հետո մեր գլխին եկած դժբախտությունների ու ձախողումների համար պատասխանատու քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները, ժողովրդի ստրվար մասը կարող է ասել, թե իրենք չեն ընտրել Նիկոլին ու նրան հանձնել իշխանությունը, պարզապես իրենք ապրել են Նիկոլի օրոք, և իրենց կամքից անկախ է դա եղել, իրենց բախտն էլ այդ հարցում չի բերել։ Այո, Նիկոլը քաղցկեղ է մեր պետության ու ժողովրդի համար, բայց անգամ քաղցկեղը իր առաջացման պատճառներն է ունենում, և մարդուց անկախ չի առաջանում ու գոյատևում։ Հիմա նա էլ քաղցկեղի պես հյուծում է մեր պետական օրգանիզմը, քայքայում բոլոր առողջ բջիջները ու տանում դեպի մահ։ Անգամ քաղցկեղի ամենածանր աստիճանում մարդը փորձում է բժշկական միջամտությամբ պայքարել դրա դեմ։ Իսկ այս քաղաքական վերնախավ-քաղցկեղը բոլորիս հանձնել է բախտի քմահաճույքին։ Նիկոլը իր գոյութամբ բոլորիս է դժբախտացրել, ո՛վ կարող է այդ անհաջողության համար բացառել նրա դերը և պատասխանատվությունը։ Եվ ո՛վ կարող է Նիկոլին երկրի ղեկավարությունը հանձնելու համար բացառել բոլորիս պատասխանատվությունը։

Թագուհի Ասլանյան