Ալիևը նորից հաստատեց՝ չի ստորագրելու խաղաղության մասին թուղթը

Որքան էլ Փաշինյանը պատեհ-անպատեհ առիթներով բարձր ամբիոններից բղավում է, թե ինքը պատրաստ է հենց այս պահին էլ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որը, ըստ կողմերի, ամբողջությամբ քննարկված ու համաձայնեցված է, Ալիևը նորից ու նորից հիշեցնում է նրան՝ չի ստորագրելու այդ թղթի կտորը այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագրից դուրս պահանջներ ունի Փաշինյանից։ Մինչև Փաշինյանը դրանք անվերապահորեն չկատարի, թող չերազի որևէ փաստաթղթի ստորագրման մասին։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ ստորագրվի այդ թուղթը, թե չստորագրվի, այն էական նշանակություն չի ունենալու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, քանի որ Ալիևը հիմա արդեն հասկացնում է, որ անկախ համաձայնագրում 17 կետերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ կարող է իր քմահաճույքով տարատեսակ պահանջներ թելադրել հայկական կողմին, և եթե դրանք չկատարվեն, ապա այդ փխրուն խաղաղությունն էլ հեշտությամբ կարելի է խախտել։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը ինքն էլ հավաստիացրել է, թե խաղաղության համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված խնդիր չի տեսնում և լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Ըստ նրա՝ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավական մոտ են: «Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում»։ Բայց փաստորեն նրա պահանջները համաձայնագրից դուրս են, այդ թղթի գոյությունից անկախ։ Ադրբեջանի նախագահը նորից է թարմացրել Փաշինյանի հիշողությունը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն ունի երկու պայման: «Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ «Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը» միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր «օրինական պահանջն է»։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու «օրինական» պայմանները», – ասել է հակառակորդ պետության բռնակալը:

Սա թերևս նշանակում է, որ մինչև 2026 թվականի ընտրությունները համաձայնագրի ստորագրման սպասելն անիմաստ է։ Կհամարձակվի՞ ՀՀ վարչապետի աթոռը զավթածը մինչև ընտրությունները կատարել ալիևյան պարտադրանքները՝ մասնավորապես ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված․․․ չի բացառվում։ Չնայած մի առիթով նա հայտարարել է, թե իբրև Սահմանադրության փոփոխություն նախատեսվում է 2027 թվականին։ Բայց նման հայտարարություննե՞ր են նրա թեթև ձեռքով խախտվել ու բոլորովին հակառակ գործընթացներ իրականացվել։ Թեև Փաշինյանի հապաղումը մտածելու տեղիք է տալիս, որ միայն կեղծված ընտրություններով իր մանդատը վերահաստատելուց հետո ամբողջ հայ ժողովրդի անունից կգնա այդ քայլին՝ երկընտրանքի առաջ դնելով՝ պատերազմ կամ Սահմանադրության փոփոխություն։ Դե պատրաստի հիմնավորումն էլ կա, պետք չէ հեծանիվ հորինել՝ հնարավոր պատերազմից խուսափելու այլընտրանք չունեցող տարբերակ է։

Մի հարցում Ալիևը սխալվում է, երբ ասում է, թե Փաշինյանը լրջորեն չի արձագանքում իր պայմաններին։ Փաշինյանը բազմիցս խոսել է ու հաստատել, անգամ վերահաստատել մեր Սահմանադրությունը փոխելու իր պատրաստակամությունը՝ Ալիևի առաջ նման պայման չդնելով, որ նա էլ իր Սահմանադրությունը փոխի, որում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անօրինական նկրտումներ կան։ Ճիշտ է, փաշինյանական ողջ գործիքակազմը լծվել է հայ ժողովրդին համոզելու, թե սահմանադրական փոփոխություններն ամենևին արտաքին թելադրանքով պայմանավորված չեն, այլ բխում են ներքին պահանջներից։ Այդուհանդերձ մենք բազմաթիվ պատճառներ ու օրինակներ ունենք նրանց պնդումներին չհավատալու և վստահելու վերջին յոթ տարիների մեր տխուր փորձին՝ ամեն անգամ այս իշխանությունների կողմից նենգաբար խաբվելու, մանիպուլացվելու և ցավալի կորուստներ ունենալու։

Ի դեպ, Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին սկսեց խոսել դեռևս հեղափոխական Նիկոլը, երբ իրեն վստահած ամբոխի առաջ տարատեսակ խոստումներով լի ելույթներ էր ունենում։ Գուցե այդ ժամանա՞կ արդեն իր կառուցողական գործընկերոջ հետ պայմանավորվածությունների ժամանակացույց կար, և արդեն այն ժամանակ Նիկոլը հայ ժողովրդին կերակրում էր ի բարօրություն մեր պետության և արդարության գերակայության համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցություններով։ Հետո այդ խոսակցությոնները, հայտարարությունները դարձան առարկայական․նոր Սահմանադրության տեքստն արդեն մշակվում է՝ բնականաբար հայ ժողովրդից գաղտնի բովանդակությամբ։

Մեկ ամիս առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ իշխանություններն աշխատում են Սահմանադրության նոր տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո։ Սրբուհի Գալյանը նաև չի բացառել, որ Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը։

«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ նորից է անդրադարձել ՀՀ Սահմանադրության փոփոխության ադրբեջանական պահանջին և չի բացառել, որ ինքը պատրաստ է նաև այդ պահանջը կատարել, եթե պարզվի, որ խաղաղության համաձայնագրի-պայմանագրի տեքստը հակասում է մեր Սահմանադրությանը։ Այսինքն՝ ոչ թե համաձայնագրի դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը, այլ մենք կհարմարվենք Ալիևի հրամաններին։

«Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»:

Իսկ արդյո՞ք Սահմանադրական դատարանի դատավորները կհամարձակվեն Փաշինյանի կամքին հակառակ որոշումներ կայացնել։ Իզո՞ւր է վարչապետը կառավարման բոլոր համակարգերը իր հպատակներով համալրել ու ղեկավար պաշտոններն էլ վստահել մարդկանց, որոնք երբևէ աչքի չեն ընկել հանուն արդարության ու պետության իշխանական ճնշմանը դիմակայելու խիզախությամբ։

Թագուհի Ասլանյան