Պարտության և միակողմանի զիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում

«Եթե դուք հաղթել եք, բացատրելու կարիք չունեք… Եթե պարտվել եք, չպետք է լինեք այնտեղ՝ բացատրելու համար»,-ասել է Ադոլֆ Հիտլերը։

Եվ այս ճգնաժամն ու աղետը խորանալու են, սիրելի ժողովուրդ, քանի դեռ չենք գիտակցում, որ չհիմնավորված ու դավադիր պարտության հեղինակները պետք է հեռանան, քանի դեռ միամտորեն հավատում ենք, թե պարտվածները, ապաշնորհներն ու ազգուրացները, պարտության հետ հաշտվողները, վախերով ապրողներն ու միակողմանի զիջողները կարող են բանակցել, երկիրն արժանապատվորեն ներկայացնել ու խաղաղություն բերել։ Յուլի Ցեզարն էլ այն կարծիքն է հայտնել, որ «ոչ մի հաղթանակ չի տալիս այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը»։ Եվ այդ դավադիր պարտությունը աղետ բերեց հայ ժողովրդին, բերեց հուսահատություն, վախ, բերեց նվաստացում և անվստահություն սեփական ուժերի հանդեպ։ Պարտության արդյունքում ունեցանք կորսված Արցախ, ազգային արժանապատվություն և հանուն ոչնչի դարձած 34 տարիներ, հազարավոր զոհեր, զրկանքներ ու տառապանքներ։ Ունեցանք յոթամյա մղձավանջային ու դժոխային տարիներ։ Նրանք կարող են բանակցել միայն զիջումների գնալու, նվաստացման, հայրենահանձնման, կապիտուլիացիայի և ադրբեջանաթրքահպատակության շուրջ։ Իսկ ո՞ւմ հետ ենք խաղաղության դարաշրջանի սկիզբն ավետում. թուրքի՞, ադրբեջանցու: Այն թուրքի՞, որ 110 տարի առաջ ցեղասպանեց մեր նախնիներին, որ ընդամենը չորս տարի առաջ զենք էր մատակարարում ադրբեջանին, վարձկաններ էր տեղափոխում Արցախի հայերին սպանելու համար, որ հայաթափեց Արցախը, որ ծնված չէ խաղաղ գոյակցելու համար, որ պետական մակարդակով հայատյաց ու հայկականության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն է իրականացնում։ Խաղաղությունն էլ ամենևին պատերազմի բացակայությունը չէ, այլ ժողովրդի առաքինությունն է, նրա համերաշխությունն է, ոգու ու պայքարելու կամքն է, հայրենիքի նկատմամբ ունեցած նրա անմնացորդ սերն է։ Եվ բավական է իշխանության նկատմամբ ունեցած մոլուցքը բավարարելու համար, «խաղաղություն» ժողովրդահաճո բառով ու պատերազմով ահաբեկելով այս ժողովրդին՝ խաբել անիրատեսական խաղաղության պայմանագրով։ «Խաղաղության խաչմերուկը» և «Խաղաղության դարաշրջանն» էլ ընդամենը հայ ժողովրդին մոլորեցնելու թմրանյութի հերթական չափաքանակն է: Այդ «Խաղաղության խաչմերուկ» կոչեցյալն էլ Հայաստանի շահից չի բխում, այն ընդամենը Մեծ Թուրանի ստեղծման կարևոր բաղադրիչ ու պայման է: Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ պատմության ընթացքում դեռ ոչ մի ժողովրդի չի հաջողվել պարտության արդյունքում խաղաղություն նվաճել: Եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, այդ դեպքում ամենախաղաղ երկիրը պետք է որ Հայաստանը լիներ: Չէ՞ որ արդեն շուրջ 2000 տարի անընդհատ զիջում ենք և մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ:

Խաղաղությունն էլ անվիճելիորեն բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը, քանի որ այն ամենաբաղձալի բարիքն է, որ մարդիկ ցանկանում են այս կյանքում: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»:

Չէ՞ որ մարդկությանը ամենամեծ չարիք ու աղետ բերում են պատերազմները: Իսկ իրականությունն այլ է՝ խաղաղությունը միֆ է՝ առասպել ու պատրանք, այն երազանքից, բարի ցանկություններից ու կենացային մաղթանքներից այն կողմ չի կարող գնալ, քանի որ իրականում չկա խաղաղություն առանց անվտանգության ուժեղ համակարգի, առանց ուժերի հավասարակշռության, առանց հզոր դաշնակիցների երաշխիքների, առանց պայքարելու կամքի, առանց զարգացած տնտեսության ու գիտության: Այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանով» էլ ոգևորված են նրանք, որոնց միավորում է ավանտյուրան և պոպուլիզմը: Զավեշտն այն է, որ մենք ավետում ենք «խաղաղության դարաշրջանի» մեկնարկը, առանց խաղաղության երաշխիքների, փլուզված անվտանգային համակարգով ու ապազգային իշխանություններով։

Ազգերը, ժողովուրդները իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առջև: Երկնտրանքի՝ պայքարի և ստրկության միջև: Ընտրելով պայքարը՝ հնարավորություն են ունենում ձեռք բերել ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ ստրկություն, և՛ ծնկաչոք ու ստորացուցիչ մահ: «Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի: Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր: Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,-գրել է Լևոն Շանթը: 

Հայկ Ղազարյան